Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվել է Մուշի հին հայկական թաղամասի քանդման հարցը

16:20, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվել է Մուշի հին հայկական թաղամասի քանդման հարցը

Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի. հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Մուշից ընտրված պատգամավորներ Շեվին Ջոշքունը և Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ:

Նրանք գրավոր հարցապնդումներ են ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:

Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներում՝ Քալեում, Դերեում և Մինարեում, մինչև 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել և հիշողության բնաջնջման են ենթարկվել:

Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչո՞ւ են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5700 | 0
Facebook