Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը բավականին թեժ էր». Նաիրա Զոհրաբյան

13:52, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
«Հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը բավականին թեժ էր». Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը:

Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը ևս բավականին թեժ էր։

Ես ներկայացրել եմ անհերքելի փաստեր՝ հաստատված Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հայ ռազմագերիների թվի վերաբերյալ, ներկայացրել եմ փաստեր հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ և խոսել եմ միջազգային իրավունքի և միջազգային այն կոնվենցիաների մասին, ըստ որոնց, Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին:

Նշել եմ նաև, որ Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, անամոթ և միջազգային իրավունքը ոտնահարող լկտի սուտ է և կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար։ Բնականաբար, ադրբեջանական պատվիրակության անդամները, խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կրկին շեշտեցին, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա, և չունենալով որևէ լուրջ հակափաստարկ, նրանք սկսեցին խոսել, որ անցած 30 տարիներին «զավթվել» ու «ավիրվել» են իրենց տարածքները:

Հայ ռազմագերիների հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա վաղը՝ օրվա երկրորդ կեսին, և քանի որ քաղաքական հիմնական խմբերում գերակշիռ է տեսակետը, որ Ադրբեջանն անհապաղ պիտի կատարի Ժնևի 3-րդ կոնվենցիան և ազատ արձակի հայ բոլոր ռազմագերիներին, վստահ եմ, որ քննարկումներն արդյունավետ են լինելու»։

23411 | 0
Facebook