Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է գերիների վերադարձի պարտավորությունները». Արարատ Միրզոյանը՝ միջազգային կոնֆերանսին

21:24, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է գերիների վերադարձի պարտավորությունները». Արարատ Միրզոյանը՝ միջազգային կոնֆերանսին

Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց: «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսի իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Գերերվածների, ուժով պահվողների և մահացածների դիակների փոխանակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության պարտադիր կետերից մեկն է: Այս գործընթացը պետք է սկսվեր ստորագրումից անմիջապես հետո: Ավելին, պայմանավորվածություն կար, որ «գերերվածների, ուժով պահվողների և մահացածների դիակների փոխանակումը» պետք է տեղի ունենար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Սակայն ավելի քան չորս ամիս անցնելուց հետո մենք փաստում ենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է համապատասխան պայմանավորվածությունները», - ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց:

Արարատ Միրզոյանը հավելել է՝ կան անվիճելի և հաստատված փաստեր այն մասին, թե ինչպես բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել են: «Այդ հանցագործությունները տեսանկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն ընդունվել Ադրբեջանի հասարակության շրջանում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից գերերվածների վերադարձի գործընթացի ձգձգումը բացառապես արհեստական է և լուրջ խոչընդոտներ է ստեղծում Եռակողմ հայտարարության 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև այս տարվա հունվարի 11-ի հայտարարության իրականացման համար», - ընդգծել է Միրզոյանը:

ԱԺ նախագահը փաստել է՝ հայկական կողմը լիովին կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Ի տարբերություն դրան, Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրագործումից, մանիպուլյացիայի է ենթարկում ռազմագերիների և ուժով պահվող անձանց ցուցակները, հորինում է արհեստական քրեական գործեր և, ընդհանուր առմամբ, շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը՝ այս ամենով խափանելով Հարավային Կովկասի կայունացման և ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող համապատասխան արձագանք չառաջացնել այն գործընկերների կողմից, ովքեր հետաքրքրված են մեր տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ: Վստահ ենք, որ անհապաղ և գործնական գործողությունները կծառայեն այս չափազանց կարևոր խնդրի շուտափույթ լուծման շահերին», - եզրափակել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

2116 | 0
Facebook