Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ ի՞նչ են քննարկել Հայաստանի ու Վրաստանի նախագահները

19:40, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
Հայտնի է՝ ի՞նչ են քննարկել Հայաստանի ու Վրաստանի նախագահները

Հայաստանի և Վրաստանի նախագահները՝ Արմեն Սարգսյան ու Սալոմե Զուրաբիշվիլին ներդրումների ներգրավման հետ կապված մի շարք նախաձեռնություններ են քննարկել։ Վրաստանի նախագահն այդ մասին հայտարարել է հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման, տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում նախագծերի իրականացման հարցերը», – նշել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում քննարկվել են այն նախաձեռնությունները, որոնք կարող են ընդունվել նախագահների մակարդակով։ Խոսել են հայ-վրացական նախագծերի իրականացման համար բիզնեսին աջակցելու մասին։

«Քննարկումները կշարունակվեն, և մենք կփորձենք կոնկրետ արդյունքների հասնել», - ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին հպարտացել է, որ Վրաստանում բնակվող հայազգի քաղաքացիները բոլոր միջոցներն օգտագործում են մայրենի լեզուն ու մշակույթը պահպանելու համար: Նա նաև ընդգծել է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք յուրացնեն պետական լեզուն, ինտեգրվեն երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքին:

Բացի այդ, Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ խաղաղությունն ու համագործակցությունը անհրաժեշտ պայմաններ են Հարավային Կովկասի զարգացման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի ներուժի, տարածաշրջանային նոր հարթակների դերի, ինչպես նաև Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ:

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ ուրախ է Սարգսյանի այցի համար, որը նախատեսված էր դեռ համավարակից առաջ։

2467 | 0
Facebook