Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է». Ռ. Բադասյան

20:52, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
«ՀՀ-ը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է». Ռ. Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին
     Սիրելի՛ հայրենակիցներ,​
     Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ Մեր երկիրն ամրապնդում է նախորդ վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում դրանց կայունությունը։
     Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536, 2019 թ-ին՝ 2 հազար 266, իսկ 2020թ-ի հունվարի 31-ին՝ 2 հազար 221 անձ) ։
     Զեկույցում համեմատական է տարվել նաև 2010 և 2020 թվականների միջև և արձանագրվել, որ 2010 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 50.4 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երկրորդ լավագույն արդյունքն է:​
     Նույն զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ:
     Հայաստանում 2020 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.1% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։
     Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 41.5%: Սա գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (86.6%): ​
     ​Վիճակագրական տվյալները ներկայացված են 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ, ուստի, 2020 թվականի տարեվերջին մեր կողմից կատարված արձանագրումները թույլ են տալիս նախանշելու, որ հաջորդ տարվա վիճակագրությամբ Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցելու որոշ ցուցիչներում»:

2361 | 0
Facebook