Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ասպիրանտուրայի ընդունելության կարգում այս տարի որևէ փոփոխություն չի կատարվել

16:44, ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
Ասպիրանտուրայի ընդունելության կարգում այս տարի որևէ փոփոխություն չի կատարվել

2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելությունն անցկացվելու է՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների, այսինքն` մինչ կորոնավիրուսային համավարակը եղած կարգավորումներով: Ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից` ընդունելության համար ներկայացնելով ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք:

Նշենք, որ համավարակի տարածման ռիսկով պայմանավորված` անցյալ` 2020-21 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության կարգում կատարվել էր փոփոխություն․ ժամանակավորապես հանվել էր «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ատեստավորման պահանջը: Նշված փոփոխությունը տարածվում էր բացառապես 2020-21 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի վրա: Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

. «Օտար լեզու», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),

. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմանում,

. ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի), քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Նշենք, որ ըստ մասնագիտությունների՝ պետության կողմից ասպիրանտուրայի ուսման վարձի փոխհատուցմամբ անվճար տեղերը հաստատելու վերաբերյալ նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկայում:

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության

2569 | 0
Facebook