Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան՝ ԵՄ առաջնորդների հետ Էրդողանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին

21:00, հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Անկարան՝ ԵՄ առաջնորդների հետ Էրդողանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անարդար է համարել իր երկրի հասցեին հնչող մեղադրանքները՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ աթոռների հետ կապված միջադեպի վերաբերյալ, հանդիպման արարողակարգը համաձայնեցվել է Բրյուսելի հետ:
     Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չէր հատկացվել։
     Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը չորեքշաբթի հայտարարել է, որ ԵՀ-ի ղեկավարն արդեն հանձնարարել է իր թիմին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապագայում միջազգային այցերի ժամանակ խուսափեն նման իրավիճակներից: Մամերի խոսքով՝ Եվրոհանձնաժողովի արարողակարգի ծառայությունն այս անգամ չի մասնակցել այցին՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:
     «Մենք չէինք ցանկանում որևէ հայտարարություն անել այս թեմայի վերաբերյալ, բայց տեսանք, որ դրսում դա մեծ արձագանք է առաջացրել և Թուրքիայի հասցեին անարդար մեղադրանքներ են տեղացել։ Մենք առաջին անգամ չէ, որ օտարերկրյա հյուրեր ենք ընդունում, և թուրքական ավանդական հյուրընկալությունը հայտնի է ամբողջ աշխարհում. Այդ հանդիպմանն ամեն ինչ եղել է ընդունված միջազգային կանոնների և սովորական արարողակարգի համաձայն։ Ցանկացած հանդիպումից առաջ, 2 կողմի աշխատակիցները մանրամասները մշակում են»,-Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
     Նա հավելել է, որ այդպես է եղել նաև այս անգամ։ «Մենք բավարարել ենք այն բոլոր պահանջները, որոնք մեզ հայտնել են մյուս կողմից»,- ասել է թուրք նախարարը:
     Ավելի վաղ մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Եվրոխորհրդարանի պատգամավորները, քննադատության էին ենթարկել Անկարայում տեղի ունեցած միջադեպը:

5577 | 0
Facebook