Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաստատվել է ուսուցչի վերապատրաստման կարգը. ինչ է փոխվել

20:32, հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Հաստատվել է ուսուցչի վերապատրաստման կարգը. ինչ է փոխվել

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը՝ նոր խմբագրությամբ, որով հնարավորություն ենք ստանում վերսկսել ուսուցիչների վերապատրաստման և պարտադիր ատեստավորման գործընթացը։
     Ինչ է փոխվել․
     Գործընթացի վարչարարությունը զգալի թվայնացվել է․
     Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հաստատության կողմից ներբեռնվելու են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, արվելու է համապատասխան նշում ատեստավորման ենթակա ուսուցչի էլեկտրոնային անձնական գործում, որ վերջինս ենթակա է ատեստավորման մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը։ Դրա հիման վրա ձևավորվելու են ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկերը։ Թվայնացվել է նաև վերապատրաստումից հետո համապատասխան փաստաթղթերի՝ նախարարություն ներկայացնելու գործընթացը, որն էլի արվելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ ներբեռնելով համապատասխան տվյալները։
     Գործընթացը դառնում է առավել ճկուն ուսուցիչների համար․
     Ինչպես նշել էի, այսուհետ երաշխավորվում են ոչ միայն վերապատրաստող կազմակերպություններ, այլև դասընթացներ, այդ թվում՝ առցանց։ Ընդ որում, դասընթացները կարող են անցկացված լինել հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ՝ մեկ տարվա ընթացքում: Այսինքն՝ եթե որևէ ուսուցիչ անցել է երաշխավորված դասընթացների շարքից որևէ դասընթաց նախընթաց մեկ տարվա ընթացքում, ապա կարող է ավտոմատ կրեդիտ հավաքել այդ դասընթացի համար և այլևս չմասնակցել այդ մասով լրացուցիչ վերապատրաստման՝ հերթական ատեստավորումից առաջ։ Ուսուցիչը հնարավորություն ունի ինքնուրույն կուտակել կրեդիտներ նաև ատեստավորվելուց հետո՝ մինչև հաջորդ ատեստավորումը և նույն տրամաբանությամբ ստանալ այն։
     Եթե որևէ դասընթացին մասնակցության համար ուսուցիչը վճարել է նախընթաց փուլում, ապա ուսումնական հաստատությունը ներկայացված անդորրագրի հիման վրա փոխհատուցում է նրա վճարած գումարը, բայց ոչ ավելի, քան վերապատրաստման այդ բաղադրիչի համար սահմանել է պետությունը:
     Գործընթացը դառնում է առավել մասնակցային ուսուցչի համար․
     Ի տարբերություն նախկինում գործող կարգի՝ վերապատրաստող կազմակերպության հետ ստորագրվելու է եռակողմ պայմանագիր, ուսուցիչը հանդիսանալու է պայմանագրի կողմ։ Վերապատրաստող կազմակերպության ընտրությունը դպրոցը պետք է իրականացնի՝ հաշվի առնելով ուսուցիչների կարծիքներն ու առաջարկությունները։ Դե իսկ կազմակերպությունների մասով երաշխավորման կարգում արդեն իսկ ամրագրել ենք, որ յուրաքանչյուր տարի վերապատրաստումներից հետո ուսուցիչները գնահատելու են կազմակերպություններին ըստ հետևյալ 4 չափանիշների՝ բովանդակություն ու որակ, վերապատրաստողների պատրաստվածություն, կազմակերպման որակ, օգտակարություն իրենց հետագա գործունեության համար։ Յուրաքանչյուր չափանիշով առավելագույն գնահատականը 5 միավոր է։ Ընդհանուր առմամբ 10 միավորից պակաս հավաքելու դեպքում կազմակերպությունը կարող է դուրս մնալ երաշխավորված կազմակերպությունների ցանկից»։

4688 | 0
Facebook