Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե դուք ինձ հակառակն ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն». ԿԳՄՍ նախարար

16:37, չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
«Եթե դուք ինձ հակառակն ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն». ԿԳՄՍ նախարար

«Մեր սերնդին թողնելու ենք բուհեր և լավ բուհեր, դա մեր գերագույն ցանկությունն է: Մենք ունեցել ենք գիտություն, կրթություն, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք դա ասեք ներկա շարունակականով: Մենք չենք խոսում անցյալով, դուք եք անցյալով խոսում, մենք ունենք այն, ինչ ունենք, և պետք է պահպանենք եղածը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողի հարցին, թե ի՞նչ ենք թողնելու սերնդին, պատասխանեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Վստահեցնում եմ՝ բուհերի շենքային կառույցներին որևիցե վտանգ չի սպառնում, անհոգ եղեք, նման որոշում, առավել ևս, չկա: Կա գաղափար. շենքը դրեք մի կողմ, խնդիրը շենքը չի, խնդիրը նոր շենքն է, նոր քաղաքն է, նոր կոմունիկացիաներն են, ձևի և բովանդակության համապատասխանությունն է»,- ասաց նախարարը՝ շարունակելով. «Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել, բուհերում բազմաթիվ խնդիրներ կան...»:

Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկման թեմա դարձած բուհերի վաճառքին, Վ. Դումանյանն ասաց. «Ես հերքում եմ ձեր այն պնդումը, որ կա որոշում՝ ինչ-որ շենք ծախելու. անկախ նրանից այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չի, նման որոշում գոյություն չունի: Առավել ևս՝ չունի, չի ունենալու և չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառեն Երևանի պետական համալսարանի շենքը: Պնդում եմ: Եթե դուք ինձ հակառակն ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն: Չի կարելի ինչ-որ բան ենթադրել: Չկա նման բան, ինչո՞ւ եք փնտրում այնպիսի բան, որ գոյություն չունի»:

ԿԳՄՍ նախարարի մեկնաբանմամբ՝ այս քննարկումներն անհարգալից վերաբերմունք են «մեր պետականությանը, մեր ժողովրդին, մեր սերունդների ստեղծածին». «Աստված մի արասցե, եթե լինի նման որոշում, ես ավելի անհանգիստ կլինեմ, քան դուք»,- թեման եզրափակեց Դումանյանը:

6777 | 0
Facebook