Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ուղղում է պատմական սխալը․ #JerusalemPost

18:20, երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Բայդենը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ուղղում է պատմական սխալը․ #JerusalemPost

Ըստ տարբեր հաղորդումների, Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգների պատմական և երկար սպասված որոշմամբ. Jerusalem Post-ում գրել է Social Lite Creative-ի գլխավոր տնօրեն և Թել Ավիվի ինստիտուտի գիտաշխատող Էմիլի Շրադերը։

«Իսրայելը և շատ այլ երկրներ չեն կարողացել կամ նույնիսկ հրաժարվել են ճանաչել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից հայ քրիստոնյաների դեմ իրագործված Հայոց ցեղասպանությունը։

Միայն 2019 թվականին Միացյալ Նահանգներն ընդունեց այդ կոտորածը ճանաչող բանաձև, սակայն այս պահին ԱՄՆ նախագահը պետք է դա անի։

Ցեղասպանությունը շատ պատմաբանների կողմից դիտվում է որպես Հոլոքոսթի նախորդ, և դրա չճանաչումը հաճախ մեջբերվում է որպես ապացույց այն բանի, թե ինչու Հոլոքոսթի մասին հիշողությունը որոշիչ նշանակություն ունի ապագայում ցեղասպանությունները կանխելու համար։

Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով։

Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել և սպառնացել ժողովուրդներին, եթե նրանք անգամ մտածել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Ի սկզբանե Իսրայելը չէր կարող իրեն դա թույլ տալ։

Իսրայելը խիստ ապավինում էր Թուրքիային՝ որպես այն սակավաթիվ մահմեդական պետություններից մեկը, որի հետ նա ուներ համագործակցություն և դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն տասնամյակներ շարունակ Թուրքիան՝ բռնապետ և իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ավելի ու ավելի թշնամական է դառնում Իսրայելի համար։ Բացի այդ, Թուրքիան աշխարհաքաղաքականորեն գնալով ավելի է մերձենում Իրանի հետ։

Այսօր Իսրայելն ավելի քիչ է կախված Թուրքիայից, քան երբևէ, հատկապես հաշվի առնելով արաբական պետությունների հետ ձևավորված հարաբերությունները։

Սակայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և միանշանակ պատմության ճիշտ կողմը կանգնելու փոխարեն իսրայելական կառավարությունը հայ ժողովրդին վաճառեց՝ զենք վաճառելով Ադրբեջանին, մինչդեռ այն ռմբակոծում է հայկական քաղաքները։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն պաշտոնական ճանաչումն արվել է միայն 2019 թվականին։ 40 տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը «ցեղասպանություն» բառն օգտագործեց այդ իրադարձությունը նշելու համար՝ կարևոր քայլ կատարելով դեպի ճանաչում, սակայն թուրքական սկանդալից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսը բազմիցս չկարողացավ ճանաչել այն՝ քաղաքական շահերի պատճառով:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել, որին հաջորդեց միաձայն որոշում ԱՄՆ Սենատում։ Սակայն, չնայած նրան, որ ԱՄՆ-ի շատ նախագահներ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանցից ոչ մեկը մինչ օրս չի կատարել իր խոստումը։

Այս ամիս Սպիտակ տան աղբյուրները հայտարարել էին, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ քայլ, որը կուղղի պատմական սխալը։

Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանությունը եղել է ոչ թե պարզապես սարսափելի իրադարձություն, սա թերևս ամենասարսափելի կազմակերպված ցեղասպանությունն է եղել, որը տեսել է աշխարհը (այն ժամանակ), և ոչ թե պատերազմի համատեքստում, այլ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին։

Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննության է ենթարկել նրանց, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը հենց Թուրքիայում, և նույնիսկ ոչնչացրել են ապացույցները։ Ավելի վաղ նա նույնիսկ բանտ էր նստեցրել գիտնականներին, որոնք համարձակվում էին Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն։
     Եթե գոնե մի քանի համաշխարհային գերտերություններ հենց սկզբից ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, ապա այսօր մենք կապրեինք այլ իրականության մեջ, որտեղ փոքր ժողովուրդները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստը՝ ի վնաս գրեթե ոչնչացված ժողովրդի։
     Բայդենի վարչակազմը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Միացյալ Նահանգների կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին, այլև ուղերձ կհղի ողջ աշխարհին: Ճանաչման ժամանակն է եկել»։

9679 | 0
Facebook