Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Օնիկ Գասպարյանը երեկ գիշերը տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել. «Ժողովուրդ»

09:40, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Օնիկ Գասպարյանը երեկ գիշերը տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիասթափություն ապրեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, և նա իրավունքի ուժով կազատվի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամներն սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա նկատենք, որ նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ էին սկսել ՀՀ նախագահի դեմ։ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն անգամ նախորդ օրը դիտարկում էր նախագահին անվստահություն հայտնելու տարբերակները: Դրան զուգահեռ Արմեն Սարգսյանին գովեստի խոսքեր էին հղում ընդդիմության առաջնորդները:

Վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms էր ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները, և զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից: Մնացած քայլերը լիրիկայի ժանրից են՝ Սահմանադրական դատարան, օրենքի սահմանադրականություն և այլն։

Իսկ թե ինչ են պայմանավորվել նախագահը, վարչապետը, ապա նաև վարչապետն ու ընդդիմության լիդերները, առաջիկայում կպարզվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

5976 | 0
Facebook