Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր երկրում քաղաքական գործընթացները ինստիտուցիոնալ չեն, դրանք իրացնում են անհատները». Մ. Յալանուզյան

03:10, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
«Մեր երկրում քաղաքական գործընթացները ինստիտուցիոնալ չեն, դրանք իրացնում են անհատները». Մ. Յալանուզյան

Լրագրող Միքայել Յալանուզյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է. «Անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը մի շատ մեծ դաս է տալիս բոլոր տեսակի վերլուծաբաններին, քաղաքագետներին, պատմաբաններին ու մյուսներին, որը, բնականաբար, ոչ ոք երբեք չի սովորում։ Երբ Հայաստանում տեղի է ունենում ինչ-որ իրադարձություն կամ ինչ-որ մեկն ինչ-որ առաջին հայացքից լուրջ բան է հայտարարում, ապա երբեք, երբեք մի շտապեք մեկնաբանել, վերլուծել ու ամենակարևորը՝ կանխատեսումներ անել։ Սպասեք, համբերեք։
     Մեր երկրում քաղաքական գործընթացները հիմնականում ինստիտուցիոնալ չեն, դրանք իրացնում են գլխավորապես անհատները։ Հետևաբար, դուք չեք կարող վերլուծելով իմանալ, թե անհատներն ինչ են որոշելու, որն է լինելու հաջորդ քայլը։ Առանձին բացառություններ, իհարկե, լինում են, բայց... դե գիտեք, բացառությունները ինչ են հաստատում։
     Թերևս կարելի է միայն սցենարային կանխատեսում անել, օրինակ՝ հնարավոր է ա, բ, գ, կամ դ տարբերակը, էն էլ վստահաբար պնդել հնարավոր չէ, քանի որ անհատը կարող է ունենալ նաև ե տարբերակը, որը ձեր մտքով չի անցնում։ Հնարավոր է նաև, որ անհատների որոշումները կտրուկ փոխվեն՝ պայմանավորված մեկ ուրիշ անհատի գործողություններով։ Դա է՛լ ավելի է բարդացնում վերլուծությունն ու կանխատեսումը։
     Երբեք մի շտապեք։ Վանիկ Սմբատիչն ասում էր՝ Հայաստանը դանդաղ սիրելու երկիր է»։

2186 | 0
Facebook