Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորցնելով Ամուլսարը՝ մենք կկորցնենք ներկա Հայաստանի գրեթե կեսը». Սարո Սարոյան

00:10, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ.
«Կորցնելով Ամուլսարը՝ մենք կկորցնենք ներկա Հայաստանի գրեթե կեսը». Սարո Սարոյան

Ամուլսարի շահագործման հարցում Նիկոլի ու նրա նմանների գավառական շուստրիության, բայց իրականում՝ հերթական տգիտության ու անկամության մասին:
     Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը վերջին տարիներին արտաքին աշխարհի համար ունեցել է առաջնային նշանակություն։ Համոզված եմ, որ մեր ժողովուրդը չի պատկերացնում Ամուլսարի անչափելի արժեքը մեր պետության համար։ Այն բնապահպանական սովորական խնդիր չէ՝ կապված պոչամբարի և նման կարգի վտանգների հետ։ Շատերը գիտեն, որ այն նաև Ջերմուկի և շրջակա համայնքների կենսագործունեության, հանքային ջրի պաշարների, Սևանի ջրային ավազանի պահպանման, տուրիզմի զարգացման հետ ուղղակիորեն կապված խնդիր է։ Թվում է, ես հիմնական խնդիրները թվարկեցի։ Բայց իրականում այդ թվարկումից հանքի ծավալների, պարունակության, արժեքի մասշտաբը ես չներկայացրեցի։ Այ հենց դա լավ չեն պատկերացնում խնդրով զբաղվող շատ մասնագետներ ու անգամ երկրի բարձրագույն ղեկավարությունը։
     Հայաստանի քաղաքական դասը վերջին տարիներին համոզվել է, որ Ամուլսարը քաղաքական առևտրի առարկա է։ Բոլորի համար ակնհայտ է, որ կա արտաքին մեծ շահագրգռություն հանքի շահագործմանը հասնելու համար։ Ընդ որում, ամեն անգամ արտաքին ազդակները համոզել են ՀՀ ղեկավարությանը, որ Ամուլսարն ավելի մեծ գին ունի, քան ներկայացվում է։ Դա բերել է նրան, որ Ամուլսարի խնդիրն արդեն մի քանի տարի է դարձել է քաղաքական լրջագույն խնդիր՝ ոչ միայն չափվող դրամային զանգվածով։ Ամուլսարի խնդիրը Հայաստանի լինելիության այնպիսի խնդիր է, ինչպիսին է Արցախյան հիմնախնդիրը։ Կորցնելով Ամուլսարը՝ մենք կկորցնենք ներկա Հայաստանի գրեթե կեսը։
     Ամուլսարը թվում է, թե մի սար է՝ Ջերմուկին կպած։ Բայց համաշխարհային օլիգարխիայի համար այն ընդամենը նախադուռ է դեպի հազարավոր քառակուսի կիլոմետրեր կազմող այն տարածքը, որը փակ գոտի է դառնալու հայ ժողովրդի համար։ Որպեսզի մասշտաբը պատկերացնեք բերեմ եռանկյան տեսքով։ Հայ մարդը լավ գիտի Ջերմուկ հանքային ջրի մասին։ Գեղարքունիքի ժողովուրդը գիտի նաև Լիճք գյուղի հանքային ջրերի մասին։ Շատ հայեր եղել են Քարվաճառի Ջերմաջուրում, լողացել նրա տաք ջրերում։ Գրեթե բոլորի համար դրանք միմյանց հետ կապ չունեցող հանքային աղբյուրներ են։ Բայց իրականում այդ կետերն իրար կապող եռանկյունու մեջ՝ ընդերքում, համաշխարհային մասշտաբի արժեքավոր հանքանյութեր են գտնվում։ Հանքային տվյալ աղբյուրներն իրենց որակական հատկանիշները ձեռք են բերում հենց այն ապարներից, որոնք կազմում են Ամուլսարի, Զոդի ոսկու հանքերի, ինչպես նաև այդ տարածքներում գտնվող այլ մետաղական հանքերի հիմքը։ Ես երկրաբան չեմ, բայց իմ տրամաբանությունը հուշում է, որ ուղղակի կապ կա ոսկու ու այլ մետաղական հանքանյութերի ծավալների և հանքային ջրերի երևակումների միջև։ Նույն վիճակն է նաև Հանքավան-Մեղրաձոր հատվածում․ ուղղակի կապ գոյություն ունի ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքանյութերի ու «Հանքավան» հանքային ջրի միջև։
     Վայոց ձորը Գեղարքունիքը և Քարվաճառը կապող իմ նշած եռանկյունին հսկայական տարածք է զբաղեցնում, որի կենտրոնում գտնվում են Ալ լճերը։ Արցախյան երկրորդ պատերազմում մեծ էր համաշխարհային օլիգարխիայի շահառությունը տվյալ տարածքների նկատմամբ։ Ու դա երևաց Զոդի ոսկու հանքի մի մասը, ինչպես նաև Ալ լճերը՝ Ադրբեջանի իրավազորության տակ վերադարձնելու գործընթացից։ Նախորդ տարիներին Հայաստանի իրավազորության պայմաններում Ալ լճերի շրջանը ստվերային տարբեր գործարքների միջոցով արդեն իսկ վարձակալել էր Ամուլսարի շահագործմամբ շահագրգռված Անգլիայից կառավարվող մի շրջանակ։
     Վերևում ներկայացված իմ փոքր ակնարկն այն մասին է, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունն այն արժեքն ունի, որ կարող է երկրի ղեկավարի աթոռն արժենալ։ Վերջին շրջանում կոնկրետ քաղաքական շրջանակներ սկսել են հասկանալ համաշխարհային օլիգարխիայի պահանջները՝ աթոռի համար որպես վճարվող գին Ամուլսարը տեսնելու ցանկությունը, ու հերթի են կանգնում իրենց համաձայնությունը տալու գործում։ Նույնն է նաև Նիկոլի դեպքում, ով կորցնելով հանրային վստահությունը՝ սեփական լեգիտիմության վերահաստատման համար արտաքին շահառու գտնելու փնտրտուքի մեջ է։ Վարչապետի աթոռը դարձել է սակարկման առարկա, որի գինը պահանջվում է տալ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությամբ։ Սպասել, որ Նիկոլը չի գնա գործարքի՝ անհույս բան է։ Առավել ևս, որ հերթում շատերն են կանգնած ու հանքի շահագործման անհրաժեշտության մասին արտահայտվել են հրապարակային՝ տվյալ խաղին մասնակցելու համար։ Ի վերջո, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի Ամուլսարի խնդրում, կախված է մեր ժողովրդի դիմադրության աստիճանից»։

| | |
2343 | 0
Facebook