Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոչ եմ անում ՀՀ ոստիկանապետին այսօրվա իրադարձությունները դարձնել խիստ քննության առարկա»․ Անի Սամսոնյան

23:25, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Կոչ եմ անում ՀՀ ոստիկանապետին այսօրվա իրադարձությունները դարձնել խիստ քննության առարկա»․ Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում ՀՀ Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Ոստիկանները կոպտորեն հրել են մեկ լրագրողի և գցել գետնին։ Բռնի ուժ է կիրառվել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, որի հետևանքով նաև՝ ուղեղի ցնցում։
     Ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է նաև ակցիայի մասնակիցներից մեկի՝ ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը, նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ:
     Ավելի ուշ երեկոյան փողոցում ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից հարձակման են ենթարկվել Ազատություն ռադիոկայանի լրագրողը և օպերատորը՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս։ Նրանց հարվածել են ոտքերով և հայհոյել։
     Կոչ եմ անում ՀՀ ոստիկանապետին այսօրվա իրադարձությունները դարձնել խիստ քննության առարկա՝ ոչ համաչափ գործելաոճը բացառելու նպատակով։
     Խիստ դատապարտում եմ լրագրողների նկատմամբ հարձակումները, թե՛ ոստիկանության ծառայողների և թե՛ ակցիայի մասնակիցների կողմից։ Որևէ մեկը իրավունք չունի խոչընդոտել լրագրողների աշխատանքը, ցուցաբերել խտրական վերաբերմունք, առավել ևս հարձակում գործել նրանց նկատմամբ։
     Քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններով բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ պետք է իրականացվի ծառայողական քննություն, մարմնական վնասվածք պատճառելու դեպքերով՝ քրեական վարույթներ։
     Լրագրողների նկատմամբ հարձակում գործած քաղաքացիները անխուսափելիորեն պետք է ենթարկվեն պատասխանատվության։
     Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ոստիկանները պետք է ապահովեն քաղաքացիների՝ խաղաղ ակցիաներ իրականացնելու իրավունքը, իսկ քաղաքացիները կարող են իրենց հավաքների իրավունքը իրացնել միայն բացառապես առանց բռնության և անօրինական գործողությունների։
     Ավելի ամփոփ տեղեկատվություն դեռ կներկայացնենք»։

2633 | 1
Facebook