Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ճանապարհը չզիջելու շուրջ վարորդների միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

19:15, չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
Ճանապարհը չզիջելու շուրջ վարորդների միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Փետրվարի 2-ին, ժամը 22.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարի թաղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը Գլինկայի փողոցում ընկնելու հետևանք է, թեև ավելի քան պարզ է եղել, որ վնասվածքն ընկնելու հետևանք չէր: Հարուցվել է քրեական գործ. տուժողի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս:
     Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով պարզել են, որ միջադեպը տեղի էր ունեցել Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց. ճանապարհը չզիջելու շուրջ վարորդների մեջ ծագած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ:
     Ու քանի որ տուժած երիտասարդը շարունակում էր պնդել իր անիրական վարկածը` որոշակիորեն բարդանում էր դանակահարողի ինքնությունը պարզելը:
     Էրեբունու քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, հետևողական աշխատանքի արդյունքում պարզել են, որ տուժողին դանակահարել էր Սարի թաղի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ:
     Փետրվարի 15-ին Բագրատունյաց-Չեխովի փողոցների խաչմերուկից 29-ամյա սարիթաղցին բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, ձերբակալվել, ապա նաև տվել խոստովանական ցուցմունք:
     Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

5854 | 0
Facebook