Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Ղարաբաղ Տելեկոմ»-ն արցախցիներից պահանջում է 2020թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարները». Արմինե Ավագիմյան

15:35, երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
««Ղարաբաղ Տելեկոմ»-ն արցախցիներից պահանջում է 2020թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարները». Արմինե Ավագիմյան

Արցախի Հանրապետության քաղաքացի, տնտեսագետ, գործարար շրջանակների ներկայացուցիչ Արմինե Ավագիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահաբար շատերն են զանգվածային լրատվամիջոցներից լսել Արցախի Հանրապետության նախագահի պատերազմական գործողությունների հենց սկզբի օրերի ելույթն այն մասին, որ ղեկավարվելով Արցախում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով, ԱՀ նախագահի 2020թ. հոկտեմբերի 2-ի ՆՀ-325-Ա հրամանագրով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ կառավարման լիազորությունները վերապահվել են պետությանը և որով սահմանվել է, որ մինչև 2021թ. հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայություններն Արցախում լինելու են անվճար:
     Սակայն ուզում եմ տեղեկացնել, որ 2021թ. փետրվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ կողմից մարման ենթակա հաշիվների մասին հաղորդագրություններ են ուղարկվել արցախցի բաժանորդներին աստղաբաշխական թվերով՝ որպես 2020թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին առաջացած պարտք: Իսկ արդեն սույն թվականի փետրվարի 10-ից անջատել են այդ պարտքերը չմարած բաժանորդների՝ ներառյալ իմ հեռախոսահամարը: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ կողմից ինձ պարզաբանվել է, որ նշված արտոնությունը վերաբերում էր միայն ֆիզիկական անձանց, և ոչ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացողներին, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտներին: Նշեմ, որ 02.10.2020թ. Արցախի նախագահի կողմից արված հայտարարության մեջ բացարձակապես չի նշվել ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով որևէ տարանջատում, որ ծառայություններն անվճար են լինելու բացառապես ֆիզիկական անձանց համար, իսկ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը 100 տոկոսով վճարելու են կապի ծառայություների դիմաց: Իրականում բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե պատերազմական այդ օրերին ԱՀ ցանկացած քաղաքացի՝ անկախ իրավական կարգավիճակից, ինչ նպատակներով էր զանգեր կատարում՝ հումանիտար, ինչպես նաև որոշ ռազմական նշանակության ապրանքների ներկրում, ձեռքբերում, տեղափոխում և այլն, մի խոսքով՝ աջակցություն արցախահայությանն ու Հայոց բանակին:
     Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում եմ զրոյացնել Արցախում գրանցված և գործող շուրջ 15 000 իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հեռախոսակապի գծով առաջացած պարտքը 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, ինչպես որ ի սկզբանե 2020թ. հոկտեմբերի 2-ին ԱՀ նախագահի ելույթներում հայտարարվել էր և կայացվել համապատասխան որոշում:
     Կո՛չ եմ անում Արցախում գրանցված և գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին չկատարել 2020թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մասով առաջացած պարտքի մարումներ: Տե՛ր կանգնեք Ձեր իրավունքներին, մերժե՛ք կեղծիքն ու եղե՛ք պահանջատեր, որ տրված խոստումները իրականություն դառնան:
     Հայրենակիցնե՛ր, եթե որոշել ենք կրկին լծվել Հայրենիք կերտելու գործին, ուրեմն Արցախում ժողովրդահաճությունը տեղ չունի և ամեն խոսք գործ պիտի դառնա, այլ տարբերակ պարզապես չկա:
     Հ.Գ. Նշեմ, որ իմ՝ ԱՁ-ին կցված հեռախոսահամարի գծով առաջացած պարտքը չի գերազանցում 9000 դրամը, և բարձրացրածս հարցում իմ անձնական ֆինանսական շահագրգռվածությունը զրոյական է»:

4512 | 0
Facebook