Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բարձրագույն կրթության ձևի և բովանդակության մասին». Ռուբեն Հայրապետյան

17:45, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
«Բարձրագույն կրթության ձևի և բովանդակության մասին». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարձրագույն կրթության ձևի և բովանդակության մասին՝ կարճ

Ազգային ժողովն այսօր քննարկում է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը, որը մշակել է ԿԳՄՍ նախարարությունը: Նախագծում առկա խնդիրներն ու հակասությունները բազմաթիվ են: Բնական է, որ այլ կերպ չէր կարող լինել այն դեպքում, երբ նոր օրենքն ընդունվում է առանց բարձրագույն կրթության ռազմավարության մշակման ու հաստատման: Մենք մինչև այժմ չենք հստակեցրել և չգիտենք, թե ինչ ենք ուզում բարձրագույն կրթությունից, սակայն այդ չիմացածն ենք արդեն կարգավորում իրավական նորմերով: Իսկ թե ինչու 2.5 տարվա ընթացքում դա չի արվել, կարծում եմ, արդեն շատ է քննարկվել: Հասկանալի է նաև, որ որևէ օրենք չի կարող կատարյալ լինել: Սակայն, օրենքի նախագծում առկա են կարգավորումներ, որոնք, ցավոք, փաստում են ձևը բովանդակությունից կարևորելու նախարարության քաղաքականության անփոփոխ լինելը: Այն, ինչ մեկ այլ առիթով բնութագրել էի «կործանարար ձևականություններ» կրթության ոլորտում, լավագույնս դրսևորվում է նոր նախագծով «պետական բուհը» «հանրային բուհ» վերանվանելու և դա համառորեն առաջնային համարելու պարադոքսում: Արևմուտքում ոչ մասնավոր բուհերը կոչվում են հանրային («public»), այլ ոչ թե պետական («State, National»), որովհետև հանրային կառավարման ապակենտրոնացման բարձր աստիճանի պայմաններում բուհերը հաճախ պատկանում են ոչ թե պետությանը, այլ ենթապետական վարչատարածքային միավորներին (նահանգ, կանտոն, քաղաք և այլն): Հիմա մենք առանց իմաստը հասկանալու և մտածելով, որ «արևմտյան» ու մոդայիկ է հնչում այդ բառը, բուհը վերանվանում ենք հանրային, սակայն հենց նույն օրենքի նախագծով սահմանում, որ հանրային բուհը պետության միանձնյա հիմնադրած բուհն է: Աղմուկ բարձրացրած թվացյալ կարևոր, սակայն կրկին ձևական այլ նորմերին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դրանց հիմքում իրականում դրված է նույն մոտեցումը, երբ բովանդակությունը փոխելու վախերի, անվճռականության և դրա մասին չխոստովանելու պատճառով կրկին ընկել ենք ձևի հետևից: Հույս ունեմ, որ երկրորդ ընթերցումից առաջ գոնե որոշ հետևություններ կարվեն մոտեցումը փոխելու առումով, որովհետև պատերազմից հետո հետևություններ անելու մասին, կարծես, շատ ենք սիրում խոսել»:

3634 | 0
Facebook