Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ինչպես գնացքը մտավ Ալեքսանդրապոլ». Դերենիկ Մալխասյան

03:05, կիրակի, 07 փետրվարի, 2021 թ.
«Ինչպես գնացքը մտավ Ալեքսանդրապոլ». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գնացքը մտավ Ալեքսանդրապոլ (Գյումրի)
     1899 թ․ փետրվարի 7-ին, ժամը 12-ին, առաջին գանցքը մտնում է Հայաստան՝ Ալեքսանդրապոլ քաղաք։ Երևանի նահանգի ամենամեծ ու հայաշատ քաղաքը երկաթգծային ճանապարհով միանում է մեծ աշխարհին։ Այդ օրը գործարկվում է Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղին։ Ժամանակաշրջանի համար գնացքը Ալեքսանդրապոլ հասցնելը շատ հավակնոտ ծրագիր է եղել՝ հաշվի առնելով այն ռելիեֆը, որտեղով պետք է անցներ երկաթգիծը։
     1896թ․ ինժեներները իրենց հաշվարկներով ապացուցել են, որ երկաթուղագիծը Լոռվա ձորերով կրկնապատիկ ու եռապատիկ թանկ է նստելու, քան Աղտաֆա-Դիլիջան-Վանաձոր-Ղարս ճանապարհով անցկացնելը։ Սակայն Ֆրանսիացիները վարկավորում են հենց Լոռու սարերով անցնող նախագիծը, որպեսզի գնացքը անպայման անցնի Ալավերդու պղնձահանքերի մոտով։
     Նույն թվականի հուլիսի 21-ին երկաթգիծը հասնում է Կարս, իսկ 1902 թ․ դեկտեմբերի 6-ին գնացքը մտնում է Երևանի կայարան։
     Երկաթուղու կառուցման համար կայսր Նիկոլայ Երկրորդի կողմից հատկացված գումարը 320 մլն ռուբլի է կազմել, որը մեծ գումար էր այդ ժամանակվա համար։
     Երկաթուղու երկարությունը ավելի քան 250 կմ է, այն կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ շինարարությունը սկսվել է 1896թ․-ին և ավարտվել 1899թ․-ին։
     Երկաթգծի շինարարությանը ներգրավվել են ինչպես մոտակա գյուղերի բնակիչները, այնպես էլ Ռուսաստանից աշխատակիցները և մասնագետները: Ճանապարհին կառուցվել էին 535 արհեստական ​​կառույցներ` կամուրջներ, թունելներ և այլն: Ընդ որում, բոլոր թունելները երկկողմանի էին: Ճանապարհի ամենամեծ արհեստական կառույցը՝ մոտ 2 կմ (1703 մետր) երկարություն ունեցող Ջաջուռի թունելն է։
     Այն գտնվում է ծովի մակարդակից 1843 մետր բարձրության վրա: Ըստ երկաթգծի թանգարանի ղեկավար Նիկողայոս Տեր-Կարապետյանի՝ Ջաջուռի թունելը կառուցելու ժամանակ աշխարհում առաջին անգամ օգտագործվել են էլեկտրական հորատման մեքենաներ, էլեկտրական օդափոխիչներ և էլեկտրական լուսավորություն։
     Թունելը կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակում. շինարարությունը սկսվել է 1896 թվականին եւ ավարտվել 1898 թվականին:
     Բնականաբար, երկաթուղու շինարարության մեջ մեծ թափով ներգրավված են եղել նաև ալեքսանդրապոլցիները։
     «Գյումրին ու նրա մարդիկ» գրքում Վազգեն Հարությունյանը գրում է․ «Թունելի շինարարությունը կատարվել է ճրագի լույսի տակ, իսկ ճրագում ձեթ է վառվել։ Թունելի ամբողջ երկարությամբ վառվել են ձեթի հազար ճրագներ, որոնց համար ամեն ամիս «Սատանա Պապոյենց» Գրիգորի ձիթհանքից տարել են հինգ տակառ ձեթ»։
     Գնացքն Ալեքսանդրապոլ մտնելու կապակցությամբ այդ տարի երկաթուղային կայարանի տարածքում տնկվում է այս ծառը, որը, ինչպես տեսնում եք, դալար է արդեն 122 տարի։
     Հ․Գ․ Բնականաբար, գնացքի մուտքը Ալեքսանդրապոլ չէր կարող անցնել առանց հումորի։ Գնացքի դիմավորման հանդիսավոր արարողության մասնակից երկու ալեքպոլցի զրուցում են իրար հետ․
     -Ծո, էս «պոյեզը» ինչով կշարժվի։
     -Բղով (գոլորշի)։
     -Իյա, ծո ըդպես օր էղնի Ձիթողցոնց բաղնինքն արդեն Լոնդոն էր հասել։
     Հ․Գ․ Կայարանի ժամանակակից շենքը շահագործման է հանձնվել 1977թ․, շենքի ճարտարապետը մեր համաքաղաքացի Ռաֆայել Եղոյանն է»:

11565 | 0
Facebook