Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տիգրանակերտի պեղումների նյութերն ադրբեջանցիները ներկայացնում են որպես «անօրեն պեղումների արդյունք»». Համլետ Պետրոսյան

18:00, կիրակի, 31 հունվարի, 2021 թ.
«Տիգրանակերտի պեղումների նյութերն ադրբեջանցիները ներկայացնում են որպես «անօրեն պեղումների արդյունք»». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ պատասխանը Բաքվի հերթական զրպարտությանը: Ադրբեջանական մեդիա տիրույթում իմ ՖԲ էջից նկարներ են դնում, որտեղ պատկերված են, ի թիվս այլոց, նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նյութերի փաթեթավորումը: Տիգրանակերտի պեղումների նյութերն արդբեջանցիները ներկայացնում են որպես «անօրեն պեղումների արդյունք» և այդ իրերի տարհանումը ռազմական գործողությունների գոտուց որակում որպես «ադրբեջանի մշակութային ժառանգության գողություն»:

Ուզում եմ հիշեցնել ագրեսիվ պետության կիսագրագետ քարոզիչներին, որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է Արցախի իշխանությունների պաշտոնական հրավերով ու թույլատրությամբ, որ դրանք ֆիանսավորվել են Արցախի պետական բյուջեից: Տիգրանակերտի հնագիտական թանգարանն էլ ստեղծվել և գործել է Արցախի օրինական իշխանությունների որոշմամբ և ֆինանսավորումով:

Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է լիարժեք իրավական հիմքով, բարձր պրոֆեսիոնալիզմով, հետազոտության արդյունքները պարբերաբար ներկայացվել են միջազգային գիտական հանրույթին: Խոսել գաղտնի ինչ-որ ընթացքի մասին` ուղղակի ծիծաղելի է:

Նշեմ, նաև, որ ադրբեջանցի հնագետները, որոնք անցած դարի 60-80-ական թվականներին աշխատել են այդ տարածքում, ոչ էլ տեսել են հին քաղաքի հնագիտական հետքերը: Հորդորում եմ նրանց այդքան խանդոտ չվերաբերվել նրան, ինչն իրենք ի վիճակի չեն եղել հայտնաբերել:

44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, ինչի մասին մի անգամ չէ, որ ահազանգել ենք: Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: Արցախի իշխանությունները, ես և մեր հետազոտական թիմը չէինք կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը:

Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոներն Արցախի ժողովրդի սեփականությունն են, նրա պահպանության խնդիրները գտնվում են ոչ թե Բաքվի, այլ Ստեփանակերտի իշխանությունների իրավասության ոլորտում: Խաղաղ պայմանների դեպքում դրանք վերադարձվելու են Ստեփանակերտ և ցուցադրվելու են դրա համար ստեղծվելիք թանգարանում:

Արցախի՝ քաղաքականապես չճանացված լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից: Այդ թվում և մշակութային ժառանգությունը հետազոտելու և հանրահռչակելու իրավունքից: Այնպես որ, Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով:

Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգությունից զրկելու ադրբեջանական մտավարժանքը հայ մշակութային ժառանգության գենոցիդի շարունակությունն է: Գենոցիդ, ինչին ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակետը եղավ 2005-2006թթ. Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, գենոցիդ` ինչն ավելի մեծ թափ է ստացել Ադրբեջանի և Թուքիայի վերջին ագրեսիայի ժամանակ և շարունակվում է ամեն օր: Եվ այն չի կարող արդարացվել կեղծ քաղաքական հայտարություններով ու շինծու մեղադրանքներով:

Ես և իմ գործընկերները հետայսու էլ շարունակելու ենք Արցախի մշակութային ժառանգության հետազոտությունը, հանրահռչակումն ու ադրբեջանական վանդալիզմի բացահայտումները: Ագրեսիան, ռազմական գերակայությունը, միջազգային ատյաններին ուղղված հոխորտանքն իրավասու չեն և չեն կարող Արցախի ժողովրդին զրկել իր մշակութային ժառանգությամբ իր ինքնությունը պահպանելու իրավունքից»:

14886 | 0
Facebook