Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հերթական հակահայկական նպատակը»․ Արա Աբրահամյան

19:00, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
«Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հերթական հակահայկական նպատակը»․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հերթական հակահայկական նպատակը:
     Արցախյան 2-րդ պատերազմի սկզբից անցել է 4 ամիս, և օրեցօր ավելի հստակ են դառնում ձեր իրական դրդապատճառներն ու նպատակները։ Մարդիկ ստիպված են հանդուրժել ձեր ստերն ու մանիպուլյացիաները, որոնք կոչված են ամոթալի պարտության և այսօրվա ապակառուցողական գործընթացների պատասխանատվությունը բարդելու որևէ մեկի վրա, բացի ձեզնից՝ գերագույն գլխավոր հրամանատարից և պետության ղեկավարից։
     Այսօր, փաստորեն, դուք կանգնած եք՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծած և պատերազմում հաղթած երկրի՝ Ադրբեջանի: ՀՀ Ազգային ժողովում Շուշիի վերաբերյալ ձեր ելույթը սրա հստակ հաստատումն էր: Շուշիի բնակչության 90%-ն ադրբեջանցիներ լինելու մասին ձեր խոսքերը հերթական սուտն են և մանիպուլյացիան, որոնց նպատակը կարող է լինել միայն Ալիևի ջրաղացին ջուր լցնելու, նրա ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև սեփական դավաճանությունն արդարացնելու և օրինականացնելու ցանկությունը:
     Ինչո՞ւ չհիշեցիք, որ դարեր ի վեր Շուշիի բնակչության մեծամասնությունը հայեր էին, չե՞ք պատմել այն մասին, թե ինչպես և ինչ հանգամանքներում է փոխվել այդ քաղաքի բնակչության էթնիկ կազմը: Հայերի և ադրբեջանցիների ո՞ր հարաբերակցությունն է ամրագրվել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատև բանակցային գործընթացում:
     Ինչո՞ւ ձեզ չի հետաքրքրում Ալիևին հանձնված հայկական գյուղերի ճակատագիրը, որոնք այսօր բնակեցվել են ադրբեջանցիներով, որոնք նախկինում երբեք այնտեղ չեն բնակվել, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե մոտ ապագայում ինչպես կարող է փոխվել բնակչության էթնիկ հարաբերակցությունը մեր տարածաշրջանում՝ բուն հայկական հողերի վրա։
     Դուք անտարբեր եք մարդկանց վշտի ու տառապանքի, Հայաստանի ճակատագրի, Սփյուռքի հայության վիճակի նկատմամբ, որն, ի դեպ, դեռ պատասխան չի ստացել այն հարցի առնչությամբ, թե ինչ հիմքով եք այդքան ցուցադրական և անտեղի տնօրինել աշխարհի տարբեր երկրներից պատերազմի ընթացքում ուղարկված բարեգործական ֆոնդերը:
     Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը:
     Կամքի բացակայություն ցուցաբերելով այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել պետության և ժողովրդի շահերը և ստորագրելով ձեզ թելադրված ցանկացած փաստաթղթի վրա՝ դուք նախանձելի եռանդով և ցանկացած մեթոդներով պաշտպանում եք ինքներդ ձեզ և ձեր շրջապատը, որը մեղավոր է Արցախում կրած պարտության և Հայաստանը մասնատող գործողությունների համար:
     Ամեն ինչ անելով երկրի բնակչությունն ու զինված ուժերը բարոյալքելու համար կամ ձեզ՝ պատերազմը կանգնեցրած «փրկչի» դեր վերագրելով, կամ ժողովրդին պատերազմով վախեցնելով, ձեր գլխավոր պաշտպան Ալիևի հետ այժմ նոր վտանգավոր խաղ եք խաղում և հող նախապատրաստում նոր պատերազմի համար:
     Այն պատճառով, որ ժամանակին չեք ցանկացել դադարեցնել պատերազմը, մենք կորցրել ենք հազարավոր կյանքեր ու տարածքներ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից: Եվ այսօր, աջակցելով ձեզ և ժամանակին չկանգնեցնելով ձեզ և չդադարեցնելով ձեր լիազորությունները, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամները ձեզ հետ կրում են քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացման, մարդկային կյանքերի և հողերի կորուստների պատասխանատվությունը:
     Չհեռանալու ձեր համառ ցանկությամբ՝ ոչ միայն ընդլայնում եք հարցերի շրջանակը, որոնց համար ստիպված կլինեք պատասխան տալ ժողովրդին, այլ նաև այս շրջանակում ներառում եք նոր անձանց, առաջին հերթին բոլոր նրանց, որոնք, ըստ օրենքների, Հայաստանում կարող են դադարեցնել ձեր հակազգային և հակապետական գործունեությունը, բայց դա չեն անում և դրանով իսկ դառնում են մեր ժողովրդի պատմության մեջ ամենամեծ խաբեության և դավաճանության հանցակիցը»։

6455 | 2
Facebook