Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տղամարդկանց օգնություն չեն տալիս, ասում են՝ գնացեք աշխատեք, բայց որտե՞ղ». Շուշիի քաղաքապետ

15:35, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
«Տղամարդկանց օգնություն չեն տալիս, ասում են՝ գնացեք աշխատեք, բայց որտե՞ղ». Շուշիի քաղաքապետ

99,9%-ն իրենց հագի շորերով են դուրս եկել իրենց տներից՝ մտածելով, որ մի քանի օրում ամեն ինչ կկարգավորվի և նորից կվերադառնան իրենց տները, այս մասին այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: «Խնդիրները հիմա շատ-շատ են, սկսած սննդից մինչև կացարան: Ճիշտ է, կան կազմակերպութուններ, կան բարի մարդիկ, բայց դա շատ քիչ է: Այսօր թեʹ Արցախում, թեʹ ՀՀ-ում վարձով բնակարաններն աստղաբաշխական գների են, տրամադրած գումարները չեն բավարարում: Աջակցությունը՝ 68+15-հազարական դրամով, այդ գումարներից չեն օգտվում 18-58 տարեկան տղամարդիկ: Ասում են՝ թող տղամարդիկ գնան աշխատեն, բայց որտե՞ղ, աշխատանք չկա: Այդ գումարներն անգամ որոշ շահառուների հաշվեհամարներին դեռ չեն նստել:

Կան նաև օրենքի բացեր: Օրինակ, 300 հազար դրամ է տրվում նրանց, ովքեր առնվազն 3 ամիս բնակվել են Շուշիում: Էդ ո՞նց հաշվենք՝ 3 ամիս է ապրել, թե, ասենք, 10 օր պակաս: Չէ՞ որ մարդիկ տներ, ունեցվածքներ են թողել»,- նշեց նա:

Արծվիկ Սարգսյանը նաև անդրադարձավ բնակարանային խնդրին՝ շեշտելով, որ ճիշտ է, բազմաթիվ հյուրընկալ օջախներ, հյուրատներ սիրալիր ընդունել են փախստականներին, բայց դե նրանք չեն կարող հավերժ հյուրընկալել, մարդանց խնդրում են ազատել իրենց տները, հյուրանոցները, իսկ մարդիկ գնալու տեղ չունեն:

Քաղաքապետը նաև անդրադարձավ օգնությունների կազմակերպման թերություններին՝ մարդ կա՝ մի քանի տեղից է օգնություն ստանում, մարդ էլ ա՝ տեղյակ չէ ոչ մի ծրագրից, ոչ մի օգնություն էլ չի ստանում: «Պետք է հստակեցվի, ասենք՝ շուշեցին այսինչ պահեստից օգնություն ստանա, հադրութցին՝ մյուս և այսպես շարունակ»,- ասում է նա:

2307 | 0
Facebook