Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին, Բայդենի ընտրվելու ֆոնին ոմանք հույսեր են փայփայում, ոմանք՝ համոզմունք ներշնչում, ոմանք էլ՝ երկուսը միասին, թե Բայդենի գալով Հայաստանի և Ղարաբաղի հարցի նկատմամբ ԱՄՆ-ը վերաբերմունքը կփոխի: Եվ այս հույսերի ու ներշնչանքների ֆոնին իշխանությունը կարծես ինչ-որ հաշվարկներ է անում:
Հավանաբար, այդ հաշվարկների երևակայական արդյունքների վրա է հիմնված Մակունցին ԱՄՆ ուղարկելը: Ոչ թե, որովհետև լավ դիվանագետ է, այլ որովհետև Նիկոլ Փաշինյանի հավատարիմներից է: Ոմանք այդպես էլ մեկնաբանում են, թե քանի որ նա նրա հավատարիմ մարդն է, որովհետև ԱԺ-ում համենայնդեպս խմբակցությունը պահում է, կարող է ԱՄՆ-ի նման կարևոր երկրում ինչ-որ օգուտ տալ՝ ավելի, քան ներկայիս դեսպանը, որը բավականին փորձված է որպես դիվանագետ:
Նախ՝ խորհրդարանն այլ է, սովորական մարդուն էլ դա հասկանալի է, երկրորդ և ամենահիմնականը՝ ԱՄՆ-ը չի փոխելու իր վերաբերմունքը Ղարաբաղյան հարցի նկատմամբ: Ռուսաստանն արդեն գործը արել է: Մնացել է՝ ինչ մնացել է: ԱՄՆ-ը, մինչ Թրամփը, նույնպես մեծ շահագրգռություն չէր ցուցաբերում, ինչպես Ռուսաստանը, և այնպես չէ, որ Թրամփի գործոնը կար: Նույնը հիմա է լինելու:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար կարևոր է, որ Մինսկի խումբը մնա, որով և իրենք ինչ-որ չափով ներկայություն կունենան այդ հարցում: Բայց ինչպես թողեցին, որ որոշողը Ռուսաստանը լինի, այդպես էլ թողնելու են, որ մնացածը շարունակի Ռուսաստանը:
Եվ ի՞նչ եք կարծում, եթե երկրիդ ղեկավարությունը չի կարողանում երկրիդ շահերը պաշտպանել, այդ ի՞նչ երկիր պիտի լինի, որ քո փոխարեն քո շահերը պաշտպանի: Անգամ Ադրբեջանի համար եղբայրական համարվող Թուրքիան առաջ իր ծառն է ջրում»: