Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ԵՄ-ն ալյուրի որդերը սննդի մեջ օգտագործելն անվտանգ է համարել

22:20, կիրակի, 24 հունվարի, 2021 թ.
ԵՄ-ն ալյուրի որդերը սննդի մեջ օգտագործելն անվտանգ է համարել

Ալյուրի որդերը ԵՄ սննդի անվտանգության գործակալության (EFSA) կողմից անվտանգ են ճանաչվել սննդի մեջ օգտագործվելու համար։
     Ալյուրի որդերը հաճախ հանդիպում են ալյուրի պահեստներում, փռերում, ջրաղացներում: Զարգացող թրթուրները սնվում են հացահատիկով, ալյուրով, թեփով և թխված հացով:
     EFSA-ում, սակայն, նշում են, որ բզեզի թրթուրները՝ որպես սնունդ, ոչ բոլորը կարող են օգտագործել: Դրանք բացասաբար կարող են անդրադառնալ այն մարդկանց վրա, ովքեր ալերգիա ունեն ծովախեցգետնից կամ փոշու տիզերից։
     Թրթուրների օգտագործման թույլտվության հայտ է ներկայացրել ֆրանսիական Agronutris ընկերությունը, որը հույս ունի արդյունաբերական մասշտաբներով միջատներ արտադրել սննդի մեջ: Սպասվում է, որ EFSA-ի որոշումն արդեն առաջիկա ամիսների ընթացքում կհանգեցնի սուպերմարկետներում, ռեստորանների խոհանոցներում և ամբողջ մայրցամաքում ալյուրի որդերի հայտնվելուն:
     EFSA-ի հայտարարության մեջ ասվում է, որ միջատի հիմնական բաղադրիչներն են սպիտակուցը, ճարպը և բջջանյութը, որոնք ածխածնի արտանետումների ցածր մակարդակով էկոլոգիապես անվտանգ սննդի աղբյուր են:
     Ենթադրվում է, որ չորացրած տարբերակով թրթուրները նման են արախիսի. Պարմայի համալսարանի սպառման առանձնահատկությունների սոցիալական հետազոտող Ջովանի Սոգարին հայտարարել է, որ միջատներից ստացված սննդամթերքի նկատմամբ շատ սպառողների զայրույթը ժամանակի ընթացքում կարող է անհետանալ:
     «Կան ճանաչողական պատճառներ, որոնք բխում են մեր սոցիալական և մշակութային փորձից․ այսպես կոչված, զզվելու գործոնը, որը շատ եվրոպացիների մոտ միջատներ ուտելու միտքը վախեցնող է դարձնում։ Ժամանակի ընթացքում նման վերաբերմունքը կարող է փոխվել»,- ասել է Սոգարին։
     Ընդհանուր առմամբ, միջատներին՝ սննդամթերքի ցանկում ընդգրկելու 15 հայտ է ներկայացվել։ Քննարկման վերջին փուլում են գտնվում ծղրիդները (Gryllidae), մորեխները (Acrididae) և բզեզների թրթուրները (Alphitobius diaperinus)։

19985 | 0
Facebook