Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1944-ին Բրետոն Վուդյան դրամական համակարգի ստեղծման քաղաքական մոտիվներից մեկը նրա գիտակցումն էր, որ առաջին համաշխարհայինից հետո տնտեսական խնդիրների լուծման ձախողումն էր, որ հանգեցրեց երկրորդ համաշխարհայինին: Բազում անգամներ նշել եմ, որ պատերազմները ռեսուրսների շուրջ է, հետևաբար դրանց ծագումը տնտեսական է: Իսկ մենք մեր առջև ծառացած տնտեսական մարտահրավերները չենք լուծում՝ ընկնելով կարճաժամկետ, այն է՝ պահի մանր հարցերի հետևից, օրինակ, ինչ-որ անիմաստ տնտեսական աճեր ցույց տալու:
Արդյունքում, դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշեցնելու են այնքան, մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալուց: Սկզբում մաշացումը լինելու է տնտեսապես, իսկ հետո՝ պատերազմով: Եվ այս պտույտը շարունակաբար կրկնվելու է, մինչև ավարտվենք: Առաջին պտույտն արդեն եղավ: Հիմա հաջորդի մեջ ենք մտել: Սրան ասում են նաև հոռի շրջան:
Եթե այս գիտակցությունն ունեցողներ կան, իմացեք, որ իրար հետ անելիք ունենք: Եթե չկան կամ շատ քիչ ենք, պետությունն առաջիկա 1-2 տասնամյակում կդադարի: Սա պեսիմիզմ չէ, սա կոչվում է իրատեսություն»: