Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խորհրդարանը քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծը

17:25, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
Խորհրդարանը քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր Հակակոռուպցիոն մարմին:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն»,- ասաց Բադասյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:

Այս նախագիծը ևս արժանացավ քննադատության ընդդիմության կողմից:

«Այս նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար է նշանակելու ՀՀ վարչապետը: Սա մեզ համար պարզապես անընդունելի է: Նման վատ փորձ ունեցել է Լեհաստանը. կարճ ժամանակում այնտեղ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը կուսակցականացվել է և դարձել գործադիրի գործիքը»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ կոմիտեի ղեկավար պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և դա կլինի այդ մարմնի անկախության միակ երաշխիքը:

Խորհրդարանը քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծը
2031 | 0
Facebook