ՀՀ ազգային ժողովն այսօր քննարկեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը խորհրդարանական ուժերին, հայտնեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածություն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով: Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դատավորների թվերը վերջնական չեն և կարող են փոփոխվել:
Նշենք, որ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը հայտնեց, որ վերոնշյալ դատարանների ստեղծումը զուտ ձևական, դեկորատիվ բնույթ է կրելու և չի նպաստելու կոռուպցիայի կանխարգելմանը:
Նմանատիպ կարծիք հայտնեց նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Ի պատասխան՝ Բադասյանն առաջարկեց նրանց ներկայացնել ավելի լավ նախագիծ, որն ավելի արդյունավետ կլինի վերոնշյալ խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե անել միայն հայտարարություններ: