Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի անպատիժ ապօրինությունն առաջ է բերում ապօրինությունների շղթայական ռեակցիա և պայթում՝ որպես արհավիրք». Նարինե Մկրտչյան

23:35, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Մի անպատիժ ապօրինությունն առաջ է բերում ապօրինությունների շղթայական ռեակցիա և պայթում՝ որպես արհավիրք». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապօրինությունն ու անպատժելիությունը ծնում են նոր ապօրինություններ: Մեր հարևաններից մեկը, որ իսկական ադրբեջանական արհավիրք է և որի մասին երբեմն պատմում եմ «Ֆեյսբուք»-ում, խառնակ ժամանակներում և այս պատերազմի ժամանակ ապօրինի շինարարություն էր իրականացնում:
     Պատերազմի ժամանակ վրդովում էի, որ երեք ջահել տղամարդ տանը, ոչ մեկը նրանցից ռազմաճակատ չմեկնեց, երբ մանավանդ մյուս հարևանի տղան ռազմաճակատում էր, իսկ սրանք հերիք չէ, ռազմաճակատ չեն մեկնում, դեռ ազգային աղետից էլ օգտվում են:
     Պատերազմի 44 օրերի մեծ մասի ընթացքում այդ արհավիրքը, կարմիր գիծը խախտելով, նախամուտք կառուցեց, ապա ախորժակը բացվեց, քանի որ ոչ ոք չէր հետևում: Հետո սկսեց երկրորդ հարկ կառուցել մեր ընդհանուր պատի վրա՝ առանց թույլտվության և խախտելով քաղաքաշինական բոլոր նորմերը: Եվ երբ մեր պատերին և առաստաղին մեծ ճեղքեր առաջացան, սկսեցի պարբերաբար ահազանգել քաղաքապետարանի թեժ գիծ: Մեկ անգամ էլ ոստիկանություն զանգահարեցի, քանի որ կեսգիշերին տանիք էր սարքում: Միայն հունվարի 1-ին շինարարություն չեն արել: Այս պահին էլ շինարարությունը ողջ թափով ընթանում է:
     Առաջին ահազանգիցս հետո միանգամից եկան և կասեցրին շինարարությունը, սակայն համառ հարևանն անվրդով շարունակում էր շինարարությունը: Այս ընթացքում Շենգավթի թաղապետարանից երկու նույնաբովանդակ նամակ ստացա, որ շինարարությունը կասեցված է և վերահսկվում է, թեպետ այդ «վերահսկման» ընթացքում հարևանն արդեն պատերն էր շարել: Հետո իմ ահազանգերը մնացին անպատասխան: Արհավիրքը մի անգամ ինձ ասաց, թե «պրիցիպալնի սարքելու եմ, տեսնեմ՝ հիմա ձեր բողոքնե՞րն են ուժեղ, թե՞ իմ պրինցիպները»: Ասաց ու արեց:
     Մնացյալ անգամները թեժ գիծն արձանագրում էր զանգերը, բայց ոչ մի վերահսկողություն չկար, և մարդն անպատիժ շարունակում էր կասեցված շինարարությունը: Թե ինչ լրացուցիչ պատիժներ են նախատեսվում այդ դեպքում, չգիտեմ, բայց գիտեմ, որ դրանք այս ընտանիքի համար չեն:
     Այսօր տեսա, որ մեր պատուհանի տակով անցնող գազի ներտնային և դրսի խողովակներին էլեկտրական լարերն են փաթաթված, այսինքն՝ գազի խողովաների վրայով էլեկտրական լարանցում էր արված: Զանգահարեցինք էլ. ցանցեր, գազի վարչություն: «Գազպրոմ Արմենիայի» Շենգավթի մասնաճյուղից տղամարդու ձայնն ինձ պատասխանում է՝ «Հիմա գամ մտնեմ քո ու քո հարևանի կռվի մե՞ջ»: Բացատրում եմ, որ անվտանգության խնդիր է, որ այդ մարդիկ այդ գազի խողովակի տակ նաև խորովածի կրակն են անում և իրենք պետք է լուծեն հարցը: Վերջը ասացի, որ «Ֆեյսբուք»-ում գրելու եմ: Հեգնեց. «Գրո՞ղ ես»: Ասացի՝ հա: Նա էլ թե՝ «Հա դե, պարապ ես մնացել, գրիր»:
     Մի անպատիժ ապօրինությունն առաջ է բերում ապօրինությունների շղթայական ռեակցիա և անվտանգության խնդիրներ: Այս շղթայական ռեակցիան հանրության վատ անդամներից տարածվում է իշխանության և այլ պատկան մարմինների մարմինների վրա, հետո էլ դառնում է համընդհանուր՝ համապետական և հասարակական մեծ սպառնալիք, ի վերջո՝ պայթում է որպես արհավիրք»:

3153 | 0
Facebook