Այսօր Կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, ըստ որի առաջարկվում է հեշտացնել վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց սայլակների, քայլակների և այլ օժանդակ միջոցների ձեռք բերման կարգը: «Նախագիծը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելուն: Ներդրվում է պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու պարզեցված ընթացակարգ»:
Նախարարը նշեց, որ գործող օրենքով վիրավորված զինծառայողներն ու քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, մասնավորապես սայլակ կամ քայլակ ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, հետո նոր միայն ստանան:
«Հաշվի առնելով այն փաստը, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում, մասնավորապես բուժումը ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում հատկապես սայլակների և քայլակների անհրաժեշտություն կա, առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս հինգ օրվա ընթացքում կարիքների գնահատման միջոցով, առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտելու տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- նշեց նախարարը:
Որոշման նախագիծն ընդունվեց միաձայն: