Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը». Արսեն Խառատյան

10:05, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը». Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղտնազերծել բանակցային բոլոր փաստաթղթերը, կամ՝ լռել

Արցախյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակած հոդվածին: Պոպովը պնդում է, թե Փաշինյանը փաստեր է խեղաթյուրում՝ մանրամասներ ներկայացնելով ընդհուպ մինչև 2019-ի հունիս ամսին կողմերին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ: Մի կողմ թողնենք ռուսաստանցի դիվանագետի մոտիվներն ու դրա էթիկական հատվածը. ի՞նչ պետք է անենք մենք:

Ինչպես գիտենք, 1994-ից ի վեր, արցախյան բանակցային ողջ գործընթացը վարվել է գաղտնիության սկզբունքով: Դրանց որոշ հատվածներ ոչ պաշտոնական խողովակներով հրապարակվել, կամ գաղտնազերծվել են ներկա ու նախկին պաշտոնյաների, Մինսկի խմբի համանախագահների, փորձագետների ու լրագրողների կողմից:

Արցախյան բանակցային գործընթացը՝ Քի Վեսթից մինչև Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ և անդին, տարբեր փուլերում իր մի շարք հոդվածներում հրապարակել է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը՝ ANI Armenian Research Center կայքում, սակայն դրանք երբեք պաշտոնական փաստաթղթեր չեն եղել:

Իրենց պաշտոնավարման ընթացքի բանակցային տվյալներ են հրապարակել արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդուարդ Նալբանդյանը, մինչդեռ 90-ականների բանակցությունների մանրամասնություններին մեծամասամբ առնչվում ենք պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մենագրությունների, հոդվածների, հարցազրույցների ու ելույթների միջոցով: Ցավոք, սակայն, այս մասով ևս բնօրինակները սակավաթիվ են:

Հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները՝ թերևս ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը, որոնք պետք է գտնվեն գործող քաղաքական մեծամասնության տնօրինության ներքո: Այսպիսով, նախ՝ հստակեցումներ կմտցվեն ներհայաստանյան հանրային-քաղաքական դաշտում, և ապա կկանխվեն ապագայի ներքին ու արտաքին հնարավոր նոր շահարկումները:

Մեր երկրի ու ժողովրդի համար այս լրջագույն մարտահրավերների շրջանում գործող պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ կամ՝ ամբողջական ծավալով լույս են սփռում անցյալի անգամ ամենածանր իրողությունների վերաբերյալ, կամ՝ դադարեցնում են մասնակի ներկայացնել պաշտոնական փաստաթղթերը, որոնք խորացնում են ճգնաժամն ու ավելացնում վտանգները»:

| | |
2143 | 0
Facebook
COMMENT.am