Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչի մասին են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը. հրապարակվել է քարտեզ

01:10, չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
Ինչի մասին են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը. հրապարակվել է քարտեզ

Ռուսական Kommersant լրատվական գործակալությունն անդրադարձել է հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման արդյունքներին՝ նշելով, որ Հայաստանում ու Ադրբեջանում տրամագծորեն հակառակ գնահատականներ են եղել: «Ադրբեջանում հանդիպումը համարում են արդյունավետ, քանի որ ձեռք է բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման որոշում: Մինչդեռ հայ հասարակությունն առաջնահերթ է համարում գերիների վերադարձը, այնինչ դրա փոխարեն քննարկվում է տնտեսական օրակարգ՝ Ադրբեջանի պնդմամբ»,- գրում է աղբյուրը:

Ըստ լրատվականի, խոսքը գնում է երկու հիմնական ուղղությունների մասին՝ առաջինը Ադրբեջանի կենտրոնական հատվածներից միջանցքն է դեպի Նախիջևանի անկլավ, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդը Երևանից միևնույն Սյունիքի մարզով ձգվող երկաթուղին է, որը շարունակվում է Նախիջևանի միջով:

«Երկու երթուղիներն էլ ակտիվորեն օգտագործվել են խորհրդային ժամանակաշրջանում, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր դադարել են գոյություն ունենալուց: Արդյունքում տուժել է նաև Ռուսաստանը: Երբ վրաց-աբխազական կոնֆլիկտի պատճառով գնացքների շարժը Ռուսաստանից Վրաստան դարձավ անհնարին, Հայաստանը կորցրեց իր ամենահուսալի երթուղին դեպի հիմնական դաշնակիցը, իսկ Ռուսաստանը զրկվեց Թուրքիայի երկաթուղային ուղիներին միանալու հնարավորությունից: Արդյունքում Հայաստանի երկաթուղուց փաստացի մնաց մի փոքրիկ հատված՝ Երևան-Թբիլիսին, իսկ ապրանքները Ռուսաստանից կարող են գալ միայն Վրաստանի ռազմական մայրուղով, որը պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով:

Հայաստանի համար լուրջ օժանդակություն կարող էր դառնալ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, բայց և դա մինչ օրս անհնարին է եղել, քանի որ երկրները կապվում էին միայն մեկ լեռնային ճանապարհով:

Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է ձեռնտու լիներ բոլոր 3 կողմերին: Ադրբեջանին անհրաժեշտ է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ դեպի Թուրքիա ու Հայաստան, Հայաստանին՝ դեպի Ռուսաստան ու Իրան: Սակայն փաստացի բանակցությունների արդյունքում իրեն հաղթանակած է զգում միայն Իլհամ Ալիևը, իսկ ահա Նիկոլ Փաշինյանն իր խոսքում սևեռվեց ոչ թե ձեռբերումների, այլ չլուծված հարցերի վրա՝ շեշտելով Բաքվի չկամությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և գերիների ճակատագրի շուրջ քննարկումների վերաբերյալ»,- գրում է Kommersant-ը:

31497 | 0
Facebook