Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին

15:15, երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Հայ բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում՝ նախապատրաստվելով մրցաշրջան 2021-ին: Հավաքի այս փուլում բռնցքամարտիկներն անցկացնում են օրական երկու մարզում՝ հիմնական շեշտը դնելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավման վրա:

Ռաֆայել Մեհրաբյանի խոսքով՝ մարզիկները սպասվածից ավելի լավ մարզավիճակում են. «Այս հավաքով պատրաստվում ենք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին: Հավաքի 70 տոկոսը, կարելի է ասել, նվիրված է ֆիզիկական պատրաստվածությանը, իսկ 30 տոկոսը՝ տեխնիկատակտիկական աշխատանքին: Անկեղծ ասած, չէի սպասում, որ տղաները կդիմանան այսպիսի ծանրաբեռնվածությանը, քանի որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարից հետո հավաքներ գրեթե չէինք անցկացրել: Ի զարմանս ինձ՝ տղաները շատ մեծ աշխատանք են կատարում, ինչն ուրախալի է: Լավ մարզումների համար կան բոլոր պայմանները, անգամ եղանակն է ի նպաստ մեզ»:

Նշենք, որ Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլի շրջանակում հայ բռնցքամարտիկները փետրվարին Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցելու են Ստրանջայի միջազգային մրցաշարին:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։

3485 | 0
Facebook