Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

22:45, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել․ ««Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է ՀՀ-ում խորացող համակարգային ճգնաժամի նոր դրսևորումները: Հայաստանում վերահաս տնտեսական անկումը վճռական միջոցներ և հաղթահարման նոր ծրագիր չներդնելու դեպքում կարող է պատերազմից և տարածքների կորստից ոչ պակաս ծանր հարված հասցնել մեր պետությանն ու ժողովրդին: Պետական արդյունավետ և համակշռված կառավարման իսպառ բացակայության պայմաններում օրվա իշխանությունը փորձում է բյուջետային ճեղքվածքները փակել հարկային բեռի անհիմն ծանրացմամբ: Այսպես, համաձայն ՀՀ վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի, այս կառավարությունը պետբյուջեի անբավարար հարկային մուտքերը լրացնելու նպատակով որոշել է չեղարկել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ցայժմ գործող արտոնությունները՝ հարկային նոր բեռ դնելով պետության համար գերկարևոր կրթական ու առողջապահական ոլորտների վրա:

«Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ ոչ մի արդարացում և պետաիրավական տրամաբանություն չկա կրթական և առողջապահական հաստատությունների ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու համար, այն կհանգեցնի սոցիալ-տնտեսական նոր ճգնաժամի՝ ուսման և առողջապահական ծառայությունների վճարների չպատճառաբանված բարձրացման, որը բացարձակ անընդունելի է: Կառավարության բերված փաստարկները, թե ԱԱՀ գանձելուն զուգահեռ՝ իրենք կավելացնեն բուհերում պետական պատվերով սովորող ուսանողների քանակը «առավել հեռանկարային մասնագիտությունների գծով», առնվազն աչառու է և կեղծ: Ընդգծենք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում ընդգրկված բոլոր մասնագիտություններն են հեռանկարային, եթե իշխանությունը վարում համակշռված ազգային գիտակրթական քաղաքականություն: Իսկ եթե որևէ մասնագիտություն «հեռանկարային» չէ, ապա բացարձակ անթույլատրելի է ուսանողից գումար վերցնել` զուտ դիպլոմ տալու պայմանով: Իսկ առողջապահական հիմնարկներում պետպատվերի ընդլայնման համար բնավ անհրաժեշտ քայլ չէ ԱԱՀ գանձելը:

Կործանարար պատերազմից ոտքի կանգնելու համար Հայաստանը պետք է մեծ ներդրումներ կատարի գիտակրթական և առողջապահական ոլորտներում, ոչ թե փորձի ամեն կերպ գումարներ կորզել ուսանողներից և իրենց առողջությունը կորցրածներից՝ ծանրացնելով նրանց հարկային բեռը: Պետության դերը կրթության ու գիտության զարգացմանը նպաստելն է, ֆինանսավորելն է ոչ թե ուսման ձեռքբերման և առողջության պահպանման ճանապարհին հավելյալ խոչընդոտներ ստեղծելը: Ընդգծենք նաև, որ Պետական բուհերը ունեն հիմնադրամի կարգավիճակ, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում որևէ հղում չկա հիմնադրամների մասին, բացի այդ՝ վարչապետի նշյալ որոշման մեջ մասնավոր բուհերի մասին չկա որևէ կետ, իսկ այնտեղ չի գործում պետպատվերը: Կրթական հաստատություններ են նաև քոլեջները, որտեղ այսօր հազարավոր երեխաներ են սովորում ավագ դպրոցի փոխարեն, ուստի վարձերի բարձրացումը կհանգեցնի նրան, որ հազարավոր երեխաներ կզրկվեն լիարժեք կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից: Պատերազմի և թագավարակի չհաղթահարվող այս արտակարգ իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական արդյունավետ քաղաքականություն. հարկերը փրկօղակ չեն ապաշնորհ կառավարման համար, ոչ էլ դամոկլյան սուր քաղաքացիների պարանոցին»:

5991 | 0
Facebook