Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Ինչպես է դարերով հայկական բնակչություն ունեցող Արցախի սրտում առաջին անգամ հայտնվում թուրքական ցեղախումբ». Սեյրան Գրիգորյան

02:05, շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.
«Ինչպես է դարերով հայկական բնակչություն ունեցող Արցախի սրտում առաջին անգամ հայտնվում թուրքական ցեղախումբ». Սեյրան Գրիգորյան

Գրկանագետ Սեյրան Գրիգորյանը գրում է. «1744 թվականին Վարանդայի տիրակալ է նշանակվում Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որը Խաչենի տիրակալ Հասան-Ջալալյանների տան փեսան էր։
     Մելիք-Հովսեփի խորթ եղբայր Մելիք-Շահնազար 2-րդը, օգտվելով Նադիր շահի սպանությանը (1747) հաջորդած քաոսից, սպանում է եղբորը, կոտորում նրա ընտանիքը և իրեն հռչակում Վարանդայի մելիք։
     Մելիք-Շահնազարի տմարդի արարքը նրա դեմ է հանում Արցախի մյուս մելիքներին: Նրանք պաշարում են Մելիք-Շահնազարի Ավետարանոց բերդը, բայց վերահաս ձմռան պատճառով չկարողանալով գրավել՝ վերադառնում են իրենց տեղերը, որպեսզի գարնանը կրկին արշավեն։
     Վարանդայի մելիքը դիմում է Փանահ խանի օգնությանը, հպատակվում և հավատարմության երդում է տալիս նրան և նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից։ 1750-ական թթ․ Մելիք-Շահնազարը իր աղջկան՝ Հուրզադ խանումին, կնության է տալիս Փանահի որդուն՝ Իբրահիմ խանին, և նրանց նվիրում Արցախի անառիկ բերդաքաղաք Շուշին: Այդպես դարերով հայկական բնակչություն ունեցող Արցախի սրտում առաջին անգամ հայտնվում է թուրքական ցեղախումբ, որը ոչ միայն բնակություն է հաստատում այնտեղ, այլև հիմնում Ղարաբաղի իշխանությունը, որն իր գոյության 70 տարիների ընթացքում իսկական չարիք է դառնում արցախահայության համար:
     Այն, որ Ղարաբաղի խանության հիմնադիրը ունեցել է քոչվորական ծագում, հաստատում են նաև ադրբեջանցի պատմաբանները։ Շուշին՝ Արցախի ամենաանառիկ բերդը, դառնում է խաների նստավայրը։ Սկսվում է այլացեղ և այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն Արցախ:
     1836 թվականի մի տեղեկագրում նշված է, որ Շուշիի բերդում բնակվում են 936 թաթարական (ադրբեջանական) և 762 հայկական ընտանիքներ։ 1886 թ․ հայերը քաղաքում մեծամասնություն էին (56,7 տոկոս)։ 1920 թվականի մուսաֆաթական կոտորածից հետո Շուշիում ապրում էր հարյուր հոգուց էլ պակաս հայ։ Արցախյան շարժումից առաջ այդ թիվը մոտ 1400 էր (13 տոկոս)։
     Այսպիսով, մի դավաճան հայ իշխանավորի պատճառով «դժգույն» Շուշին (թուրքերի վարկածով՝ ապակու նման շողշողուն Շուշա) դարձավ հայ-ադրբեջանական կռվախնձոր և դարավոր թշնամանքի օջախ»։

| | |
6135 | 0
Facebook