Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

13:50, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։ Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության։

Կարևոր ենք համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։

Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը։

10418 | 0
Facebook