Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա կեղծիքի և փարիսեցիության բացահայտ օրինակ է». Հայկ Մարտիրոսյան

09:10, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
«Սա կեղծիքի և փարիսեցիության բացահայտ օրինակ է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատկապես դավաճանների ճամբարից, բայց ոչ միայն այդ ճամբարից հրապարակ է նետվում և սկսում է տարածվել մի թեզ, թե դավաճանության փաստը պետք է իրավապահ մարմինները և դատական համակարգը հայտնաբերեն, եթե կա և հաստատեն, եթե կա։
     Սա կեղծիքի և փարիսեցիության բացահայտ օրինակ է։ Դավաճանությունը, թեև քրեական հոդված և մեղադրանք է օրենսգրքում, բայց այն նախևառաջ և ամենից առաջ` բարոյական, հասարակական հասկացություն է և ակնհայտ ծանր բարոյական ու հանրային մեղարանք է, որ եթե սկսում է զանգվածաբար մի երևույթի, անձի կամ խմբակի դեմ կիրառվել` դառնում է անհերքելի, անվիճելի և անվիճարկելի փաստ և արտացոլում է այդ անվիճելի փաստի առկայությունը։
     Ամուսնական, ընկերական, մարդկային դավաճանությունները իրավական ապացուցման կարիք չունեն։ Դրանք ակնհայտ, բարոյական և մարդկային դաշտում արձանագրվող իրողություններ են։ Պետական, ազգային, հանրային դավաճանությունն` առավել և շատ ավելի բարոյական, հասարակական և իրավական ապացուցման կարիք չունեցող հանգամանք է։
     Ոչ մի դավաճան իր դավաճանությունը չի փաստագրում, որպեսզի հետո իր դեմ օգտագործեն։ Դավաճանությունն, անգամ կոռուպցիայի հետ համեմատությամբ` շատ ավելի բարդ իրավականորեն ապացուցելի, իսկ հաճախ անհնարորեն ապացուցելի երևույթ է և ամեն բան իջեցնել` հասցնել իրավական տիրույթ` Հայաստանի այսօրվա հասարակարգի և հասարակության, ինչպես նաև քաղաքական ու քաղաքագիտական մտքի կատարյալ դեգրադացիայի, ապաբարոյականացման և դեմագոգիայի արտացոլում է։
     Երբ ազգային-հասարակական բարոյական արժեքներն իջեցվում են զուտ իրավական կատեգորիաների մակարդակի` ակնհայտ է դառնում, որ բարոյական դեգրադացիան գագաթնակետին է հասել, իսկ զեղծարար անբարոյականները թաքնվում են իրավական ձևակերպումների և նորմերի հետևում»:

4459 | 0
Facebook