Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը

19:45, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել. «Երեկ՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։

Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկանները, ուժ կիրառելով, օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել:

Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ

աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը և պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։

Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, և լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրադարձություններին և արձագանքելու ենք լրագրողների իրավունքների ցանկացած խախտման։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի ինստիտուտ-Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ»:

2127 | 0
Facebook