Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիքի վրա». Միքայել Մելքումյան

15:10, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«Լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիքի վրա». Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ, ինչպես և նախորդ օրը հայտնել եմ, լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիք աշխարհի վրա, որը պայմանավորված է մի կողմից Զանգելանում և Կուբաթլիում ադրբեջանական զինուժի ահռելի ծավալներով կուտակմամբ, մյուս կողմից՝ Նախիջևանում թուրքական և ադրբեջանական զինված ուժերի տեղակայմամբ, որոնք նաև հետևելու են այս օրերին սպասվող այսպես կոչված GPS-ային սահմանազատման գործընթացին:

Միայն Գորիսի տարածաշրջանում այնպիսի գյուղեր, ինչպիսիք են Կոռնիձորը, Խնածախը, Տեղը, Խնձորեսկը և այլ բնակավայրեր, ըստ էության, անմիջականորեն գտնվելով դեմարկացիայի եզրին, կարճ ժամանակում կարող են իսպառ դատարկվել, իսկ փաստացի այդ սահմանազատումից հետո՝ կորցնել հազարավոր հեկտարներով իրենց համայնքներին պատկանող հողատարածքներ:

Նմանատիպ լրջագույն խնդիր է նաև Կապանի օդանավակայանի հետ կապված հարցը, որի թռիչքուղու տարածքն անմիջականորեն հարում է GPS-ային սահմանին, իսկ դա նշանակում է, որ այդ օդանավակայանը երբևիցե չի կարող շահագործվել:

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանի հողատարածքի վրա էր գտնվում ադրբեջանաբնակ Աղաքենդ կոչվող բնակավայրը:

Սյունիքի մարզում կան նաև այլ նմանատիպ լրջագույն խնդիրներ:

Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունն ունակ չէ այս հարցերի շուրջ վարել մեր պետության շահերից բխող բանակցություններ: Ուստի նա անմիջապես պետք է հեռանա: Սյունիքը պետք է փրկվի:

Հ. Գ. Երբ տեղադրում էի իմ այս գրառումը, տեսա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը՝ «Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»:

Ըստ էության՝ սրանով ամեն ինչ ասված է»:

4207 | 2
Facebook