Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում». Արտակ Բեգլարյան

17:45, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
«Կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում». Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները: Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը:

1. Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում, մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Մարդու իրավունքների պաշտպանության և ներքին միասնականության մշակույթի ապահովումը պարզապես հրամայական է մեր ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ դիմագրավման ճանապարհին:

2. Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը:

3. Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլյացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին:

4. Թեև մարդն իր գործողություններում մեծապես առաջնորդվում է իռացիոնալ հիմքերով, սակայն ունի նաև ռացիոնալությունը կիրառելու կարողություն: Հետևաբար, մենք ունակ ու պարտավոր ենք հատկապես այսպիսի դեպքերում չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլյացիաներին և ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Ռացիոնալ եզրահանգումներից հետո հնարավոր է գիտակցել կոնկրետ երևույթների պատճառներն ու հետևանքները, արհեստական ընդհանրացումների ու տարանջատման փորձերի վտանգավորությունը:

Եկե՛ք երբեք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը»:

| | |
2151 | 0
Facebook