Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը ապագա կունենա, եթե դուք դադարեք սատարել տգետներին». Վարուժան Գեղամյան

23:10, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
«Հայաստանը ապագա կունենա, եթե դուք դադարեք սատարել տգետներին». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղյան հարցը բավական բարդ ու բազմաշետ մի աշխարհաքաղաքական խնդիր է, որի շերտերից մեկը դիվանագիտական՝ շուրջ 30 տարի ձգվող բազմակողմանի պայքարն էր։
     Ղարաբաղյան հարցի մասնագետներ Հայաստանում շատ քիչ կան. մարդիկ, ովքեր տիրապետում են խնդրի բոլոր մանրամասներին, տրամաբանությանը, բանակցային փուլերին։ Առավել ևս քիչ են մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես էր պետք բանակցել, որպեսզի բանակցային գործընթացի դանդաղ առաջընթացի համար մեղավոր միշտ լինի Ադրբեջանը, և ոչ թե Հայաստանը։ Սա խոշոր հաշվով հաջողվել էր անել ՀՀ բոլոր ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան։ Ավելին, 2016թ. Ի. Ալիևը խոստովանեց, որ իրեն Մինսկի խմբի համանախագահները ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը (տե՛ս Ալիևի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» թերթից։
     2018թ.-ից հետո Հայաստանում իշխանության եկած մարդկանցից գրեթե ոչ մեկ չէր տիրապետում Ղարաբաղյան բանակցային գործընթացի իրական մանրամասներին։ Ավելին, ՀՀ ղեկավարությունը նախորդ տասնամյակներում ստեղծված փխրուն բանակցային փաթեթը (որն, իհարկե, անթերի չէր, բայց աշխատող տարբերակ էր) առ ոչինչ դարձրեց ու սկսեց վարել այնպիսի քաղաքականություն ու այնպիսի սխալներով, որոնցում հենց իրենք տարիներով մեղադրում էին իրենց նախորդողներին։
     Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ էր, որ որդեգրված քաղաքականությունը ոչ միայն խիստ պրիմիտիվ ու անհեռանկար է, այլև շատ վտանգավոր։ Ինչպես համոզվեցիք, այդ պոռոտախոս, ինքնահավան ու տգետ քաղաքականության արդյունքում մենք ոչ միայն կորցրինք Արցախի տարածքի 70%-ը, այլև բանակցային գործընթացը լիարժեք տանուլ տվեցինք։ Էս պահին Արցախի անկախության ճանաչում չկա օրակարգում, ավելին, Արցախի սուբյեկտայնությունն էլ մոտ է զրոյի։
     Հիմա, ինչպես շատ այլ հարցերում, ձեզ ամեն օր փորձելու են համոզել, որ ամեն ինչ էնքան վատ էր, որ հարցի համար պատասխանատու թիմը ոչինչ անել չէր կարող (այսօր առավոտյան այդպիսի մի հերթական անհաջող փորձն է ձեռնարկվել)։
     Սիրելի՛ ընթերցողներ, ՀՀ պետության համար ներկայիս պատասխանատուները ոչ նախկինում, ոչ առավել ևս իշխանության գալուց հետո չեն տիրապետում բանակցային գործընթացին, որովհետև երբեք Ղարաբաղյան հարցով լուրջ չեն զբաղվել։ Չեն զբաղվելու նաև հիմա, որովհետև էդպիսի խնդիր չկա իրենց համար։ Միշտ հիշե՛ք, որ երբ մեքենայի ղեկը վստահում եք վարել չիմացող մարդուն, վթարից հետո էդ մարդը մեղադրելու է ձեզ, այլ ոչ թե ինքն իրեն։ Մեղադրելու է բոլորին, բայց երբեք պատասխանատվություն չի վերցնելու։
     ***
     Հայաստանում կան Ղարաբաղյան խնդրի բարդության բազմաթիվ այլ հիմնահարցեր։ Դրանց լուծելու համար պետք են մարդիկ, որոնք ոչ թե սև կամ սպիտակ են, հին կամ նոր, այլ ովքեր գիտեն, թե ինչպես գործ անել։ Հայաստանը ապագա կունենա, եթե դուք դադարեք սատարել տգետներին՝ մարդկանց, ովքեր ոչ միայն «մեքենա վարել» չգիտեն, այլև մեքենան ու սայլը տարբերել չեն կարող»։

4936 | 0
Facebook