Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մնացինք մեն-մենակ թուրք-ադրբեջանական ալյանսի դեմ». Սենոր Հասրաթյան

13:35, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Մնացինք մեն-մենակ թուրք-ադրբեջանական ալյանսի դեմ». Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պատերազմում մենք պարտվեցինք ոչ թե թշնամուն, այլ՝ ինքներս մեզ: Անհիմն են բոլոր այն պատճառաբանությունները, թե իբր մեր ժողովուրդն ու բանակը պատրաստ չէին նման լայնածավալ առճակատման և, որ հակառակորդի կողմից ներգրավված անհամեմատ մեծ ուժերին ու միջոցներին, այդ թվում թուրքական «Բայրաքթարներին» և սիրիական վարձկան գրոհայիններին անհնար էր դիմակայել մեր տրամադրության տակ եղած հնարավորություններով: Ո՛չ, մենք ունեինք և՛ ոգեպես հզոր ժողովուրդ, և՛ մարտունակ ու լավ սպառազինված բանակ, սակայն չունեինք այդ ժողովրդին ու բանակին գրագետ կառավարող ու առաջնորդող քաղաքացիական և ռազմական ղեկավարություն...: Մեր կառավարման վերին էշելոններում բազմած այրերի քաղաքական տհասությամբ պայմանավորված մենք չկարողացանք ապահովել դիվանագիտական այն ներուժը, որն ընդունակ լիներ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել և գնալ իր շահի հետևից: Արդյունքում մենք մնացինք մեն-մենակ թուրք-ադրբեջանական ալյանսի դեմ և անկարող եղանք անել այն, ինչ կարող էինք անել մեր իրական ռազմավարական դաշնակցի հետ անկեղծ փոխհարաբերություն ունենալու դեպքում: Հասկանանք, որ ժողովուրդն ու բանակն անկարող են ստանձնելու նման միջպետական փոխհարաբերություններ կառուցելու պարտականությունը, քանի որ դա երկրի քաղաքական ղեկավարության անօտարելի իրավունքն ու մենաշնորհն է, սակայն ազդել սեփական իշխանությունների վրա գնալ ճիշտ ճանապարհով՝ մենք կարող էինք ու պարտավոր էինք: Բայց դա չանելով՝ ստիպված էինք պարտվել ոչ թե թշնամուն, այլ ինքներս մեզ»:

5480 | 1
Facebook