Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպանվել է «իրանական ռումբի հայրը». Իրանը մեղադրում է Իսրայելին պետական ահաբեկչության համար

00:15, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
Սպանվել է «իրանական ռումբի հայրը». Իրանը մեղադրում է Իսրայելին պետական ահաբեկչության համար

Իրանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Թեհրանից ոչ հեռու տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, որին որոշ դիվանագետներ համարում էին «իրանական ռումբի հայրը»: Արևմտյան հետախուսական կենտրոններն էլ պնդում էին, որ նա է իրանական միջուկային ծրագրի ղեկավարը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել է, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

«Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս պատերազմ հրահրելու համար հանցագործների հուսահատությունը»,- Twitter-ում գրել էր Զարիֆը:

Երկրի առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի խորհրդականը ևս ուղղակիորեն մեղադրել է Իսրայելին:

Իսրայելի վարչապետի գրասենյակն, ինչպես նաև ԱՄՆ ՊՆ-ը հրաժարվել են մեկնաբանություններից:

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։ Նշենք, որ 2010-2012 թվականներին սպանվել է իրանցի 4 միջուկային փորձագետ: Թեհրանը նրանց սպանության համար դարձյալ մեղադրել է Իսրայելին, թեև ապացույցներ առաջ չի քաշել:

Ֆահրիզադեն իմամ Հուսեյնի անվան համալսարանի ատոմային ֆիզիկայի պրոֆեսոր էր և Իրանի ՊՆ խորհրդականը: Մի քանի տարի առաջ նա կրկին ենթարկվել էր մահափորձի:

Իրանական Tasnim գործակալությունն էլ մանրամասնել է, որ Ֆահրիզադեն զոհվել է իր մեքենայի մոտ տեղի ունեցած պայթյունից և հրաձգությունից հետո:

17971 | 0
Facebook