Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ գեներալը Ձեր հայտարարությունից հետո ինչո՞ւ է շարունակել 8 ամիս պաշտոնավարել». Նորայր Նորիկյան

21:20, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Այդ գեներալը Ձեր հայտարարությունից հետո ինչո՞ւ է շարունակել 8 ամիս պաշտոնավարել». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքա՞ն կարելի է լոկ խոսքերով փորձել փակել հասարակության աչքերը։ Է՜, Նիկո՛լ․․․
     Պարո՛ն վարչապետ, 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքման մեջ, որը հանգեցրեց աղետի, ինչպես Դուք եք ասում, իր ապօրինի միջամտություններով պատասխանատվությունը կիսում է նաև ասուլիս տված գեներալը։

Այդ գեներալը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է Ձեր նախաձեռնությամբ՝ Ձեր վարչապետ դառնալուց ընդամենը 16 օր հետո՝ 2018թ․ մայիսի 24-ին։

Սակայն նույն օրը Ձեր իսկ որոշմամբ նա նշանակվել է ոչ պակաս կարևոր ու պատասխանատու պաշտոնի՝ որպես գլխավոր ռազմական տեսուչ։

Այդ նույն գեներալը 2019թ․ նոյեմբերի 19-ին Ձեր նախաձեռնությամբ ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից և, ըստ ամենայնի, Ձեր գիտությամբ ու համաձայնությամբ նշանակվել առավել կարևոր պաշտոնի՝ որպես ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։

Անպիտան զենք գնելու և 42 միլիոն ԱՄՆ դոլար մսխելու փաստի առթիվ առաջին անգամ Դուք եք խոսել ս․թ․ մարտի 11-ին, Գորիսում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ՝ բառացի հայտարարելով հետևյալը․
     «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են՝ զենք են առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է՝ ընդամենը մետաղի ջարդոն։ 42 միլիոն դոլար են տվել էդ մարդիկ։ Էդ զենքը ոչ մի բանի պիտանի չի՝ դա զենք էլ չի, դա անհասկանալի... Հիմա քրեական գործ է հարուցված՝ թող Սերժ Սարգսյանը գա սրա պատասխա՛նը տա»։

Այժմ, այդ հայտարարությունից 8 ամիս անց Դուք նոր հիշել եք, որ այդ գեներալի ժամանակներում է մսխվել այդ գումարը։ Ենթադրում եմ, որ այդ ժամանակ այդ գեներալը հանդիսացել է ԶՈՒ ԳՇ պետ։

Հարց է առաջանում, եթե այդպես է, ապա այդ գեներալը Ձեր հայտարարությունից հետո ինչու՞ է շարունակել 8 ամիս պաշտոնավարել և առհասարակ՝ ի՞նչ գործ ուներ պաշտպանության նախարարությունում։

Արդյո՞ք նրա վերահսկողական աշխատանքներից Դուք գոհ եք եղել, եթե այո, ապա ինչի՞ մասին եք հիմա խոսում, եթե ոչ, ապա նա ի՞նչ գործ ուներ այդ պաշտոնում։

Նո՞ր եք հիշել այդ գեներալի ժամանակներում մսխված միլիոնավոր դոլլարների մասին։

Ավելի՛ն, Ձեր հայտարարությունից հետո 8 ամիս է անցել։
     Արդյո՞ք բավարար չէ՞ր այդ ժամանակը՝ հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, մսխե՞լ են այդ գումարը, թե՞ ոչ, եթե այո, ապա ովքե՞ր են կոնկրետ մսխել, ե՞րբ են մսխել, ինչպե՞ս են մսխել, ինչու՞ մինչև հիմա պատասխան չեն տալիս և այդ գումարը վերականգնված չէ։

Լա՛վ, որքա՞ն կարելի է լոկ խոսքերով փորձել փակել հասարակության աչքերը։ Է՜, Նիկո՛լ»:

6793 | 0
Facebook