Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկել ենք, գրանցվել ենք, երկու ժամ է կանգնած ենք՝ մարդու տեղ դնող չկա»․ զինծառայողների ծնողներ

17:35, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Եկել ենք, գրանցվել ենք, երկու ժամ է կանգնած ենք՝ մարդու տեղ դնող չկա»․ զինծառայողների ծնողներ

Ժամկետային զինծառայողների ծնողները, որոնց որդիները դեռևս Արցախում ծառայություն են իրականացնում, բողոքում են, որ ավելի քան 2 ժամ է կառավարության դիմաց են և սպասում են ընդունելության։

«ՊՆ-ից ուղարկեցին էստեղ, ասացին ձեր հարցերին կառավարությունը միայն կարող է պատասխանել․ եկել ենք, գրանցվել ենք, երկու ժամ է կանգնել ենք, մարդու տեղ դնող չկա։ Քիչ առաջ էլ ներս մտանք, ասացին՝ էլի սպասեք, ՊՆ-ից մարդ է գալու․․․ բայց եթե մենք ՊՆ-ից ենք եկել, մեզ էնտեղ ոչ մի պատասխան չեն տվել, էլ ո՞ւմ ենք սպասում, մենք խեղկատակ ե՞նք ձեզ համար»,- վրդովված բողոքում են զինծառայողների ծնողները՝ նշելով, որ ոչ մի գերատեսչություն հստակ պատասխան չի տալիս։

Զինվորներից մեկի հայրն էլ դժգոհեց, որ հայրենիքը պաշտպանած զինվորի ծնողին ամեն օր առանց ամոթի «վազացնում են» տարբեր գերատեսչություններ։ «Ամեն օր չլում են մեզ՝ ՊՆ-ից վազացնում են էստեղ-էնտեղ, շատ ապաշնորհ իշխանություն են մեր իշխանությունները։ Իմ էրեխեն զանգում, ասում է՝ պապ, ի՞նչ են որոշում․ չգիտեմ ինչ ասեմ, խեղճ էրեխեքը օգնություն են խնդրում։ Էրեխես կռվում չզոհվեց, բայց գալու է մի պահ՝ գերի է ընկնելու»,- ասում էր զինվորի հայրը։

Բողոքող ծնողներն ասացին, որ կմնան Կառավարության դիմաց այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենց պատասխանի։

Հիշեցնենք՝ քանի օր է ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ ահազանգելով, որ իրենց երեխաները զրկված են կեցության տարրական պայմաններից, նրանց մեջ կան նաև վիրավորներ և հիվանդներ։

3417 | 0
Facebook