Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը». Մասիս Մայիլյան

22:25, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը». Մասիս Մայիլյան

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։
     Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:
     Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։
     Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։
     Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։
     Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։
     Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում»:

4711 | 0
Facebook