Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«ՍԴ-ն կասեցրեց մարդկանց և ԶԼՄ-ների կողմից կարծիքի արտահայտման սահմանափակումը». ՀՀ ՄԻՊ

18:25, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«ՍԴ-ն կասեցրեց մարդկանց և ԶԼՄ-ների կողմից կարծիքի արտահայտման սահմանափակումը». ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է իմ դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։
     Այսինքն՝ խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը:
     Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ։ Դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:
     Իմ դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար:
     Հատուկ արձանագրում եմ, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծը ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, մեր եզրակացությունը եղել է բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը:
     Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:
     Իրազեկում․ ստորև, Կառավարության այն որոշման դրույթներն են, որոնք վիճարկում եմ դատարանում ու որոնց գործողությունն այսօր դատարանը կասեցրել է.
     - Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
     - Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

| | |
2214 | 0
Facebook