Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից». վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին

14:00, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից». վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին:

Վարչապետը նշել է, որ մեր պետությունն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերակատարումը: «Համոզված եմ, այդպես էլ տեղի կունենա: Իհարկե, այժմ ժամանակներ են, երբ մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Պետք է ասեմ, որ իմ եզրակացությունը շարունակում է մնալ նույնը: Մեզ համար ամենաբարդ և ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: Ըստ էության՝ 2018 թվականից հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան և օլիգարխիան, բայց այս ընթացքում չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձևավորել: Սրա համար կային օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որովհետև օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը և մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին:

Այս առումով, սա մի բարդ խնդիր է, որը մենք դեռ չենք լուծել և պետք է լուծենք: Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից զգաստանան, ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն առաջին հերթին ապահովում է պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ: Բայց արդյոք այդ մակարդակը մեզ բավարարում է: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի իրավիճակ ունենք, և մեր խնդիրն է հենց այս իրավիճակը նոր նշաձողի բարձրացնելը, այնպիսի նշաձողի բարձրացնելը, որ հենց դա տեղի ունենա մեր հանրային գիտակցության մեջ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը:

«Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից և գանք ճիշտ եզրակացությունների». վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին
| | |
2918 | 0
Facebook