Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչել են Արցախը և կառավարությանն ու այլ երկրներին ևս ճանաչելու կոչ արել

12:35, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչել են Արցախը և կառավարությանն ու այլ երկրներին ևս ճանաչելու կոչ արել

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր հանդես են եկել Արցախի Հանրապետությունը ճանաչելու հայտարարությամբ և Ֆրանսիայի կառավարությանն ու միջազգային հանրությանը կոչ արել հետևել իրենց օրինակին։ Այս մասին հայտնել է asbarez.com-ը։

Հայտարարության մեջ ասվում է․ «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994թ-ից ի վեր անկայուն հրադադարով սառեցված ղարաբաղյան հակամարտությունը՝ լայնամասշտաբ հարձակում սկսելով Արցախի Հանրապետության վրա։
     Ադրբեջանական բանակը, որի կազմում ընդգրկված էին սիրիական ջիհադիստական խմբավորումներում ծառայող վարձկաններ, առաջացրեց հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որն ուղեկցվեց զինված հակամարտության մասին միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով:
     Ռմբակոծվել է ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ բնակավայրերը։ Շատ խաղաղ բնակիչներ են սպանվել, հազարավոր արցախցիներ տեղահանվել։
     Նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ արյունալի մարտերից 44 օր հետո, ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է ռուսական իշխանությունների հովանու ներքո՝ ֆիքսելով հակամարտող կողմերի դիրքերը:
     Չնայած նրան, որ այս համաձայնագրի եզրափակիչ դրույթները գոհացնող չեն, դրանք առնվազն օգնում են փրկել կյանքեր 2 կողմերից. տարածքների կորուստը կարող է հանգեցնել ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի, հատկապես հարյուրավոր հինավուրց եկեղեցիների ու վանքերի պահպանման հարցում։
     Այս կապակցությամբ Արցախի 2-րդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով՝ հաշվի առնելով քաղաքում տեղի ունեցած բոլոր աննախադեպ ավերածությունները, այդ թվում՝ վերջերս վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցին։
     Այսուհետև մեր պարտքն է խուսափել զգուշավոր չեզոքության հետևում թաքնվելուց: Հաշվի առնելով այս կարևորագույն գործոնները՝ Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավաբանորեն ուժեղ, օրինական և արդար»,- ասվում է Ֆրանսիայի 15 քաղաքապետերի հայտարարության մեջ:
     Արցախի անկախությունը ճանաչած քաղաքներն են՝
     • Վալանս
     • Դեսին
     • Վիեն
     • Սեն Շամոն
     • Կոմպյենյե
     • Բուկ-Բել-Էր
     • Լե Պեն-Միրաբո
     • Շավիլ
     • Ալֆորվիլ
     • Շան-սյուղ-Մաղն
     • Ռոման-սյուղ-Իզեղ
     • Մարլեն Մուրիե
     • Բուրգ-դը-Պեաժ
     • Շատյուզանժ-լը-Գուբե
     • Գիլերան-Գրանժ

6530 | 0
Facebook