Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

12:30, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Նախարար Մնացականյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները: Նախարար Մնացականյանն ընդգծեց ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անցկացնելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Զոհրաբ Մնացականյանը համապարփակ ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՄԱԿ-ի և համապատասխան մարմինների ներգրավմանը:

ԱԳ նախարարը շեշտեց նաև տեղահանված արցախահայության իրավունքների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի կարևոր դերակատարությունը՝ իրեն վստահված միջազգային մանդատի շրջանակներում:

Երկուստեք ընդգծվեց ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

4476 | 0
Facebook