Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Արցախի փրկարարներն այս դժվար օրերին հերոսական աշխատանք են կատարում»․ ԱՀ ԱԻՊԾ տնօրեն

11:40, ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
«Արցախի փրկարարներն այս դժվար օրերին հերոսական աշխատանք են կատարում»․ ԱՀ ԱԻՊԾ տնօրեն

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ. «Հարգելի հայրենակիցներ, ավանդաբար հոկտեմբերի 30-ին մենք նշում ենք Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը:
     Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը:
     Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին:
     Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր:
     Ուստի, հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն:
     Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար: Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ:
     Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Նույնն է բոլորիս ցանկությունը. Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»:

| | |
1813 | 0
Facebook
COMMENT.am