Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս օրերին քաղաքական իշխանությունը պիտի իսպառ զուրկ լինի նյարդերից». Լևոն Բարսեղյան

09:05, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«Այս օրերին քաղաքական իշխանությունը պիտի իսպառ զուրկ լինի նյարդերից». Լևոն Բարսեղյան

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ այս օրերին քաղաքական իշխանությունը պիտի իսպառ զուրկ լինի նյարդերից։ Ընդհանրապես իշխանությունը լավ կլիներ, որ միշտ զուրկ լիներ նյարդային վարքից ու խոսքից, այս օրերին, պատերազմի դրության մեջ՝ առավելեւս։ Բարդ բան է ասածս, բայց միայն այդպես է հնարավոր սառը դատել, սառը գործել ու հաջողել։
     Երկրորդը, որ կարեւոր եմ համարում, խոսքը գործի հետ չշփոթելն է։ Խոսքն էլ է գործ հաճախ, բայց՝ որոշ պաշտոնյաների համար, դիվանագետներ, խոսնակներ ու այլք, բայց գործադիր ֆունկցիաներով պաշտոնյաների համար խոսքը, կոչերն ու դիմումները լավ կլինի նվազեցվեն մինչեւ օբյեկտիվ անխուսափելիություն։ Հաճախ բարդ է հասկանալ ու սահմանել հրապարակային խոսքը օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ կարիքից է բխում։ Դրա համար կան, պիտի որ լինեն խորհրդականներ, որոնց հետ հարկավոր է խորհրդակցել, խորհրդակցելն ամոթ չէ՝ ասե՞լ հրապարակայնորեն այսինչ բանը, թե՞ չասել, եթե ասել, ապա ինչպես։ Եթե մասնագիտական խորհրդատվության համակարգը վատն է, թերի է, կամ մերժվում է, դա վատ է, արձագանքն ու գնահատականը անխուսափելիորեն լինում է հանրությունից։
     Պատերազմական դրության մեջ բոլորն են պարտավոր վերանայել, վերադասավորվել, վերակառուցել իրենց կառավարման ձեւը, ոճը, եթե կուզեք, մարտավարությունը, պահվածքը ու այլն, բարձրաստիճան պաշտոնյաները՝ առավելեւս։ Պատերազմը անարյուն հեղափոխություն չէ, այստեղ այլ հաշվարկային համակարգ է գործում ու վնասակար է դա հաշվի չառնել։ Իշխանությունն ունի բոլոր օրինական լծակները ծառացող խնդիրները կարգավորելու համար, նյարդերն անջատած, սառը գլխով, հետեւողականորեն ու նպատակասլաց։
     Ամենակարեւոր մարտահրավերներից մեկը, որի մասին մի քանի անգամ տարբեր ձեւերով արտահայտվել են շատերը ու ես, պատերազմող պետության գերկազմակերպման կարիքն է։ Այնպիսի կազմակերպվածության մասին է խոսքը, երբ ամեն բան պլանավորվում ու իրականացվում է բոլոր ոլորտներում ու ուղղություններով, երբ յուրաքանչուրը պետական ապարատի կազմակերպմամբ գիտե իր անելիքը հանուն հաղթանակի, իր սովորական գործի հետ գիտե, թե ինչպես, երբ, որտեղ մասնակցել պատերազմին՝ արտադրություն, տնտեսություն, շինարարություն, գիտություն, կրթություն, վարժանք, մարզանք, նպաստամատույց, խրամատ, ռազմադաշտ եւ այլն։ Այս ամենից պատերազմի կարիքների ու հաղթանակի համար համակարգված, ըստ իս, աշխատում են միայն զինված ուժերը ու առողջապահությունը։ Խոսքս պատերազմական համակարգվածության մասին է, թե չէ բոլոր համակարգերն էլ աշխատում են, բայց սովորական եւ կամավորական/բարեգործական ռեժիմներով։ Պաշտպանությունը ու հաղթանակը միայն բանակով չի լինում։ Միամտություն է թերագնահատել կազմակերպված ու համակարգված պատերազմողին ու նախընտրել կամավորական ու բարեգործական պատերազմողի մոդելը։ Հիմա շատ գործ է պետք ու քիչ խոսք այս ուղղությամբ։
     Կներեք շատախոսելու համար, կարող է մեկին օգտակար լինել»։

5906 | 0
Facebook